Ինչու՞ աշխարհի այլ երկրներում հիմնականում չկա աղքատ հայ՝ բացի Հայաստանից. բոքսի տանձիկի հետ մենամարտի ժամանակ Նարեկ Կարապետյանի ուղեղում էր փայլատակել նման հարց իր պատասխանով, ու դժվար չէ կռահել, որ մեղավորը, այո, գործող իշխանությունն է։
Ի դեպ, պատահական չէր նաև Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին չափահասի ատեստավորում անցած կրտսեր Կարապետյանի՝ ջերմոցում ասուլիս հրավիրելը. նրա հանրապետական հայրիկը իր իշխանության տարիներին, երբ երկիր էր «ուժեղացնում», չի հասցրել ջերմոցում մեծացած իր որդուն տալ նրան հուզող հարցի պատասխանը, բայց հոգ չէ, դա կանենք մենք։
Քանի որ Նարեկը աղքատությունը հաղթահարելու միջոց է համարում սփյուռքին ներգրավելու վաղուց չարչրկված խոստումը, ապա կարիք կա նրան հիշեցնելու, թե իր կենսաբանական և քաղաքական հայրերը ինչպես են մինչև քոքը մաշեցրել Ցեղասպանությունից հետո աշխարհում դեգերած մեր հայրենակիցների միջոցները։
Այսպես. Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամից միլիոնավոր դոլարների մսխումը։ Այդ մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան․ 1998-2011 թվականներին Հայաստանում հիմնադրամն իրականացրեց 242 մլն դոլարի ծրագիր, որից 20 մլն դոլարը տրամադրվեց ձեռներեցներին՝ որպես վարկ։ Մնացած գումարը հատկացվեց զանազան ծրագրերի՝ ճանապարհաշինություն, մշակույթի օբյեկտներ, վերանորոգում, կամուրջներ, թունելներ, 3 հազար 700 հարկաբաժիններ՝ աղետի գոտու համար, և մոտ 30 դպրոցներ ու մի դպրոց էլ Արցախում․ սակայն չկա որեւէ պաշտոնական կամ այլ հաշվետվություն, փաստաթուղթ, որից գոնե մոտավոր պատկերացում լիներ, թե ինչպես են ծախսվել ստացված դրամական միջոցները: Իսկ հետագայում արդեն խոսակցություններ տարածվեցին, որ Քըրքորյանը վիրավորվել է, անգամ հրաժարվել է որևէ մաս Հայաստանի համար բաժին հանել իր ժառանգությունից։
Հայաստանին միլիոնավոր դոլարներ է հատկացվել նաև Ազնավուրի հիմնադրամի կողմից, սակայն արդեն իսկ կենդանության օրոք Ազնավուրն արեց աղմկահարույց հայտարարություններ․ Nouvelles d’Armenie թերթին տված հարցազրույցում շանսոնյեն 2014 թվականին հայտարարել էր, որ Հայաստանն օրեցօր գնալով ավելի շատ է դատարկվում, և մոտ ապագայում երկիրը կվերածվի խխունջի դատարկ պատյանի:
«Ո՞ւմ է դա ձեռնտու: Ընդամենը 3 հարուստ խուլիգանի՞: Երեք մաֆիոզի՞: Իսկ ու՞ր մնացին ողջ աշխարհով մեկ ցաքուցրիվ եղած հարյուրավոր աղքատ մարդիկ… Այդ ամենն ինձ անհանգստացնում է: Եվ այդ ամենից հետո որոշները դեռ կառչում են «ցեղասպանություն» տերմինից, Հայաստանը լուրջ վտանգի մեջ է գտնվում, իսկ մարդիկ դեռևս կպչում են «ցեղասպանություն» բառին: Ես չեմ հասկանում, թե դա ինչով կօգնի երկրի առաջընթացին: Ու՞ր է տանում մեզ այդ տրամաբանությունը: Ու՞ր են բոլոր նրանք, ովքեր քննադատում են ինձ այս մտքերի համար: Ի՞նչ են անում նրանք Հայաստանին օգնելու համար»,- նշել է Ազնավուրը:
Ազնավուրին բացարձակ չէր հուզում՝ ով կլինի Հայաստանի հաջորդ նախագահը, նա պարզապես ցանկանում էր բաց սահմաններ, որպեսզի երկիրը կարողանա մի փոքր շունչ քաշել․ «Ես մաֆիոզների մասին անտանելի պատմություններ գիտեմ: Նրանք խժռում են գյուղացիներին իրենց հողերի վրա: Մաֆիայի այդ անդամներին պետք է գնդակահարել։ Ցանկանում եք անդամակցե՞լ մաֆիային։ Գնացեք ձեր մաֆիան ուրիշ երկրներում հիմնեք։ Շատերը ձեզ կընդունեն: Բայց դա ձեր երկրում մի արեք, սեփական ժողովրդի դեմ մի արեք, Աստծո սիրուն»։
Ու այսքանից հետո Նարեկ Կարապետյանը, որի հայրը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանն է, որքան էլ փորձի դեմքի լուրջ արտահայտությամբ գործող իշխանությանը մեղադրել աղքատության համար, միևնույն է, չի ստացվելու. ժողովուրդը շատ լավ հիշողություն ունի ու առաջիկա ընտրություններում իր ասելիքն ասելու է՝ թույլ չտալով նախկին կլանից սերտաճած ուժերին զավթել իշխանությունն ու մեր երկիրը դարձնել ծայրագավառ։