Մերձավոր Արևելքի նավթային ճգնաժամի գլխավոր շահառուն ԱՄՆ-ն է. Petrostrategies

Մերձավոր Արևելքում նոր ռազմական սրացումը նավթի համաշխարհային շուկաներում կտրուկ թանկացում է առաջացրել, և ստեղծված իրավիճակից ամենաշատը շահում է Միացյալ Նահանգները. այս մասին ասվում է ֆրանսիական Petrostrategies վերլուծական կենտրոնի World Energy Weekly հանդեսի մարտի 9-ի համարում հրապարակված հոդվածում։ 

Հրապարակման համաձայն՝ փետրվարի 28-ին Իրանի դեմ սկսված ԱՄՆ–Իսրայել ռազմական գործողություններից հետո Brent տեսակի նավթի գինը արագ անցել է 100 դոլարի սահմանը։ Մարտի 6-ին Լոնդոնում մայիսյան Brent-ի պայմանագիրը փակվել էր 92.70 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ Նյու Յորքում West Texas Intermediate-ինը՝ գրեթե 91 դոլարով։ Սակայն մարտի 9-ի առավոտյան Brent-ը հասել է 107 դոլարի, իսկ WTI-ը՝ 104 դոլարի։

Հոդվածում նշվում է, որ սա արդեն երկրորդ անգամ է, երբ Իրանի շուրջ ռազմական զարգացումները նույն ազդեցությունն են ունենում շուկայի վրա։ 2025-ի հունիսին Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի «Տասներկուօրյա պատերազմի» ընթացքում Brent-ը մոտ 15 դոլարով թանկացել էր՝ հասնելով 80 դոլարի։

Petrostrategies-ը ընդգծում է, որ նավթի գների բարձրացումը սկսվել էր դեռ մինչև ռազմական գործողությունների մեկնարկը։ ԱՄՆ-ի կողմից տարածաշրջան մեծ ռազմական ուժերի տեղափոխումը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բնութագրել էր որպես «արմադա», շուկաներում արդեն իսկ սպասումներ էր ձևավորել լայնածավալ բախման վերաբերյալ։ Եթե հունվարի 7-ին Brent-ը վաճառվում էր 60 դոլարից մի փոքր ցածր, ապա մինչև փետրվարի 27-ը այն արդեն թանկացել էր շուրջ 13 դոլարով։ Ընդհանուր հաշվով, հունվարի սկզբից մինչև մարտի 9-ը Brent-ի աճը կազմել է մոտ 47 դոլար մեկ բարելի դիմաց։

Թեև վերլուծաբանները նշում են, որ գների բարձրացման վրա ազդել են նաև ԱՄՆ-ում սառնամանիքները և Ղազախստանում արտադրական խնդիրները, հիմնական գործոնը համարվում է աշխարհաքաղաքական լարվածությունը։

Գլխավոր շահառուն՝ ԱՄՆ 

ԱՄՆ հեղուկացված բնական գազի (LNG) արտահանումը կառուցված է ճկուն պայմանագրային համակարգի վրա, ինչը գնորդներին թույլ է տալիս բեռները ուղղել առավել շահավետ շուկաներ։ Վերջին օրերին LNG-ի միջազգային գների և Henry Hub ամերիկյան ցուցիչի միջև տարբերությունը կտրուկ մեծացել է, ինչի հետևանքով ամերիկյան արտահանողների առևտրային շահույթը զգալիորեն աճել է։

Petrostrategies-ը նշում է, որ ամերիկյան LNG-ն այսպիսով ավելի է ամրապնդում իր դերը որպես համաշխարհային շուկայի հիմնական հավասարակշռող մատակարար։ Սակայն նաև ընդգծվում է, որ ԱՄՆ-ն նույնիսկ ամբողջ հզորությամբ չի կարող լիովին փոխարինել Կատարի ծավալները, եթե Պարսից ծոցի մատակարարումները խաթարվեն։ Կատարը աշխարհում LNG-ի խոշորագույն մատակարարներից է։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ ճգնաժամի հետագա զարգացումը կախված կլինի հիմնականում Հորմուզի նեղուցում իրավիճակի տևողությունից։ Եթե ծովային երթուղիները արագ կայունանան, շուկան կարող է համեմատաբար արագ վերադառնալ նորմալ վիճակի։ Սակայն նույնիսկ կարճատև խափանումը ցույց է տալիս LNG-ի համաշխարհային առևտրի կառուցվածքային խոցելիությունը, քանի որ համաշխարհային մատակարարումների զգալի մասը կախված է մեկ ռազմավարական անցուղուց՝ աշխարհի ամենաանկայուն տարածաշրջաններից մեկում։

Կատարի LNG ռազմավարությունը՝ հարցականի տակ

World Energy Weekly-ի նույն համարում գազի շուկայի մասնագետ և «Գազ. իրական պատմություն» (“La vraie histoire du gaz”) գրքի հեղինակ Դիդիե Օլոն ևս (Didier Holleaux) նշում է, որ Մերձավոր Արևելքում ռազմական սրացումը վերաձևավորում է համաշխարհային էներգետիկ շահառուների քարտեզը՝ վտանգի տակ դնելով Կատարի LNG արտահանման ռազմավարությունը։

Նա հիշեցնում է, որ Կատարը և Իրանը կիսում են աշխարհում ամենախոշոր գազային հանքավայրերից մեկը՝ North Field / South Pars-ը, սակայն նրանց միջև միասնական շահագործման պաշտոնական համաձայնագիր (unitization) երբեք չի ստորագրվել։ Սա միջազգային էներգետիկ պրակտիկայում անսովոր է նման չափերի հանքավայրի համար։

Օլոն նաև կարևորում է 2017-ի շրջադարձը, երբ Կատարը երկար դադարից հետո հանկարծ վերագործարկեց North Field-ի ընդլայնումը՝ առանց ապագա արտադրանքը նախապես վաճառելու, ինչը սովորաբար չի արվում նման ծավալի նախագծերում։ Նրա գնահատմամբ՝ սա կարող է վկայել, որ Դոհայի և Թեհրանի միջև գոյություն ունի ոչ հրապարակային քաղաքական պայմանավորվածություն North Field-ի զարգացման շուրջ։

Վերլուծաբանի խոսքով՝ Կատարը տարիներ շարունակ սահմանափակել էր արտադրության աճը ոչ միայն տեխնիկական պատճառներով, այլև Իրանին չսադրելու համար, քանի որ հարևան մեծ պետության հետ հարաբերությունների սրացումը Դոհայի համար ռազմավարական վտանգ էր։

Ներկայիս պատերազմը բացահայտում է, որ համաշխարհային էներգետիկ համակարգում ստեղծված իրավիճակից առավել շահողը ԱՄՆ-ն է, մինչդեռ Կատարի նման խոշոր մատակարարների մոդելները կախված են մեկ ռազմավարական անցուղուց, որի անվտանգությունը այլևս երաշխավորված չէ։

The post Մերձավոր Արևելքի նավթային ճգնաժամի գլխավոր շահառուն ԱՄՆ-ն է. Petrostrategies appeared first on CIVILNET.

Leave a comment