Իսրայելի կենտրոնում իրանական կասետային ռումբի պայթյունից մեկ մարդ զոհվել է, վիրավորներ կան

AFP-ի լրագրողները Թել Ավիվում ավելի քան 10 պայթյուն են լսել այն բանից հետո, երբ իսրայելական բանակը հայտարարել է, որ Իրանից արձակված նոր հրթիռներ է հայտնաբերել։

«Քիչ առաջ Իսրայելի բանակը հայտնաբերել է Իրանից Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակված հրթիռներ։ Պաշտպանական համակարգերը գործում են սպառնալիքը կասեցնելու համար»,- ասվում է բանակի հայտարարությունում։

Ոստիկանության պաշտոնյաները հայտնում են, որ Իսրայելի կենտրոնում վերջին բալիստիկ հրթիռային հարձակումից հետո իրանական կասետային զինամթերքի առնվազն վեց վայր է հայտնաբերվել, գրում է The Timesof Israel-ը։

Հարվածները գրանցվել են Եհուդում, Հոլոնում և Բաթ Յամում։ Կենտրոնական Իսրայելում կասետային զինամթերքի պայթյունի հետևանքով ծանր վիրավորներից մեկը մահացել է։ Մագեն Դեյվիդ Ադոմ շտապօգնության ծառայությունը հայտնում է, որ Իրանի բալիստիկ հրթիռային հարձակման հետևանքով երկու վայրում վիրավորվել է երեք մարդ։

Շինհրապարակում բեկորներից ծանր վիրավորվել են 40-ամյա երկու տղամարդ, որոնցից մեկը մահացել է ստացած վերքերից, երկրորդ տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։

Կենտրոնական Իսրայելի մեկ այլ վայրում 30-ամյա մի տղամարդ ծանր վիրավորվել է։

Նշվում է, որ այսօրվա մահը փետրվարի 28-ին պատերազմի սկսվելուց ի վեր Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակումների 11-րդ զոհն է։

Իրանը հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդ  նշանակելուց կարճ ժամանակ անց։

«Իրանը՝ Մոջթաբա Խամենեիի գլխավորությամբ, հրթիռների առաջին ալիքն է արձակել օկուպացված տարածքների վրա»,- հաղորդել է պետական ​​IRIB  հեռուստաալիքը։

Հեռուստաալիքը նաև հրապարակել էր հրթիռի լուսանկար՝ «Ձեր հրամանով, Սեյիդ Մոջթաբա» մակագրությամբ։ Սեյիդը շիա իսլամում պատվավոր տիտղոս է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment