Ադրբեջանը վերականգնել է բեռնափոխադրումները Իրանի հետ սահմանին

Ադրբեջանի և Իրանի միջև պետական ​​սահմանով բեռնափոխադրող բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը վերականգնվել է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի Նախարարների կաբինետին։

Կարգավորումը տարածվում է ինչպես երկկողմ առևտրաշրջանառության շրջանակներում իրականացվող փոխադրումների, այնպես էլ տարանցիկ բեռնափոխադրումների վրա։

Ադրբեջանի և Իրանի սահմանով բեռնափոխադրող բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը ժամանակավորապես դադարեցվել էր մարտի 5-ին։

Ըստ Ադրբեջանի պաշտոնական պարզաբանման՝ այդ որոշումը կայացվել էր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում իրանական անօդաչուների հարվածից հետո։

Փետրվարի 28-ից Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի սկսած ռազմական գործողություններն ընդգրկել են Մերձավոր Արևելքի երկրները։ Իրանը պատասխան հարվածներ է հասնում ոչ միայն Իսրայելին, այլև՝ տարածաշրջանի այն երկներին, որտեղ ԱՄՆ բազաներ կան տեղակայված։ Ինչ վերաբերում է Նախիջևանը թիրախավորելուն, պաշտոնական Թեհրանը հերքել է  Իրանից Ադրբեջանի տարածք անօդաչու թռչող սարքերի արձակման մասին տեղեկությունը և ուսումնասիրում է դեպքը։

Ադրբեջանի Նախարարների կաբինետն այդ հարձակումները համարել էր միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին հակասող։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «ահաբեկչական ակտ» էր որակել, ենթադրաբար, Իրանից անօդաչուներով Նախիջևանի տարածքը թիրախավորելու գործողությունը։ Մարտի 5-ին Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Ալիևը զինված ուժերին հրահանգել էր պատրաստվել պատասխան գործողությունների։

The post Ադրբեջանը վերականգնել է բեռնափոխադրումները Իրանի հետ սահմանին appeared first on CIVILNET.

Leave a comment