Հայաստանում եկեղեցու նկատմամբ վստահությունն աճել է․ հարցում

Հայաստանում բնակչության շրջանում եկեղեցու նկատմամբ վստահությունն աճել է։ Հայ Առաքելական Եկեղեցին Հայաստանում երկրորդ կառույցն է, որի աշխատանքից բնակչությունը գոհ է։  Այդ մասին են վկայում Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) 2026-ի հարցման արդյունքները։

Հարցման համաձայն՝ հարցվածների 61%-ը նշել է, որ վստահում է եկեղեցուն, մինչդեռ 33%-ը հայտնել է, որ չի վստահում, իսկ 6%-ը դժվարացել է պատասխանել կամ հրաժարվել է պատասխանելուց։

Համեմատության համար՝

  • 2019-ին եկեղեցուն վստահել է 74%-ը,
  • 2023-ին՝ 54%-ը,
  • 2024-ին՝ 48%-ը,
  • 2025-ին՝ 58%-ը։

Այս տվյալները ցույց են տալիս, որ 2019-ից հետո վստահության մակարդակը նվազել է, սակայն վերջին երկու տարիներին այն կրկին աճել է։

Միևնույն ժամանակ անվստահությունն աճել էր մինչև 2024-ը։ Եթե 2019-ին եկեղեցուն չէր վստահում հարցվածների 21%-ը, ապա 2023-ին այդ ցուցանիշը հասել էր 40%-ի, իսկ 2024-ին՝ 47%-ի։ 2025–2026-ին այն նվազել է՝ համապատասխանաբար 35% և 33%։

Ավելի երկար ժամանակահատվածը ընդգրկող հարցումները ևս ցույց են տալիս վստահության աստիճանական անկում 2018–2021-ին։

2018-ին եկեղեցուն վստահում էր հարցվածների 82–85%-ը, իսկ անվստահությունը կազմում էր ընդամենը 13–17%։
2019-ին վստահությունը մնացել էր համեմատաբար բարձր՝ 72–76%, սակայն 2021-ին այն կտրուկ նվազել էր մինչև 38%, երբ անվստահությունը բարձրացել էր 42%-ի։

Հետագա տարիներին ցուցանիշները տատանվել են․

  • 2023-ին վստահությունը կազմել է 38%, անվստահությունը՝ 61%,
  • 2024-ին վստահությունը հասել է 50%-ի, անվստահությունը՝ 48%,
  • 2025-ին վստահությունը նվազել է մինչև 46%,
  • 2026-ին՝ կրկին աճել մինչև 46%, մինչդեռ անվստահությունը կազմել է 51%։

Հարցման մեկ այլ ցուցանիշի համաձայն՝ հարցվածների 62%-ը ընդհանուր առմամբ դրական է գնահատում եկեղեցուն, մինչդեռ 33%-ը՝ բացասական։
Դրանցից 39%-ը շատ դրական գնահատական է տվել, 23%-ը՝ որոշ չափով դրական։ Բացասական գնահատականների մեջ 13%-ը նշել է «որոշ չափով բացասական», իսկ 20%-ը՝ «շատ բացասական»։

Եկեղեցու գործունեության գնահատման դեպքում դրական պատասխանները ավելի քիչ են։ 23%-ը նշել է «շատ դրական», 30%-ը՝ «որոշ չափով դրական»։
Միևնույն ժամանակ 14%-ը գնահատել է «որոշ չափով բացասական», 26%-ը՝ «շատ բացասական», իսկ 7%-ը դժվարացել է պատասխանել։

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ եկեղեցին շարունակում է պահպանել վստահության համեմատաբար բարձր մակարդակ Հայաստանում, սակայն վերջին տարիներին ցուցանիշները զգալի փոփոխություններ են ունեցել։ 2018–2019-ի բարձր մակարդակներից հետո վստահությունը նվազել է, իսկ վերջին տարիներին նկատվում է որոշակի վերականգնում, թեև անվստահության մակարդակը շարունակում է մնալ զգալի։

Հետազոտությունն իրականացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ՝ Center for Insights in Survey Research-ի կողմից և իրականացվել ԲՐԵՎԻՍ ընկերության կողմից (ներկայացված է IPSC LLC-ի կողմից)։


Տվյալները հավաքվել են 2026-ի փետրվարի 3–13-ը հեռախոսային հարցման մեթոդով (CATI)։

Հայաստանի կառավարության և եկեղեցու միջև հարաբերությունները առանձնապես սրվել են 2025-ի մայիսից, երբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Շվեյցարիայում մասնակցեց Արցախի վերաբերյալ միջազգային ժողովի։ Նիկոլ Փաշինյանը կաթողիկոս Գարեգին Բ-ին գահընկեց անելու արշավ է սկսել։ Մի քանի բարձրաստիճան եկեղեցական տարբեր մեղադրանքներով կալանավորվել են, իսկ նրանցից մեկը՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման։

The post Հայաստանում եկեղեցու նկատմամբ վստահությունն աճել է․ հարցում appeared first on CIVILNET.

Leave a comment