Հայաստանում բնակչության շրջանում եկեղեցու նկատմամբ վստահությունն աճել է։ Հայ Առաքելական Եկեղեցին Հայաստանում երկրորդ կառույցն է, որի աշխատանքից բնակչությունը գոհ է։ Այդ մասին են վկայում Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) 2026-ի հարցման արդյունքները։
Հարցման համաձայն՝ հարցվածների 61%-ը նշել է, որ վստահում է եկեղեցուն, մինչդեռ 33%-ը հայտնել է, որ չի վստահում, իսկ 6%-ը դժվարացել է պատասխանել կամ հրաժարվել է պատասխանելուց։
Համեմատության համար՝
- 2019-ին եկեղեցուն վստահել է 74%-ը,
- 2023-ին՝ 54%-ը,
- 2024-ին՝ 48%-ը,
- 2025-ին՝ 58%-ը։
Այս տվյալները ցույց են տալիս, որ 2019-ից հետո վստահության մակարդակը նվազել է, սակայն վերջին երկու տարիներին այն կրկին աճել է։
Միևնույն ժամանակ անվստահությունն աճել էր մինչև 2024-ը։ Եթե 2019-ին եկեղեցուն չէր վստահում հարցվածների 21%-ը, ապա 2023-ին այդ ցուցանիշը հասել էր 40%-ի, իսկ 2024-ին՝ 47%-ի։ 2025–2026-ին այն նվազել է՝ համապատասխանաբար 35% և 33%։
Ավելի երկար ժամանակահատվածը ընդգրկող հարցումները ևս ցույց են տալիս վստահության աստիճանական անկում 2018–2021-ին։
2018-ին եկեղեցուն վստահում էր հարցվածների 82–85%-ը, իսկ անվստահությունը կազմում էր ընդամենը 13–17%։
2019-ին վստահությունը մնացել էր համեմատաբար բարձր՝ 72–76%, սակայն 2021-ին այն կտրուկ նվազել էր մինչև 38%, երբ անվստահությունը բարձրացել էր 42%-ի։
Հետագա տարիներին ցուցանիշները տատանվել են․
- 2023-ին վստահությունը կազմել է 38%, անվստահությունը՝ 61%,
- 2024-ին վստահությունը հասել է 50%-ի, անվստահությունը՝ 48%,
- 2025-ին վստահությունը նվազել է մինչև 46%,
- 2026-ին՝ կրկին աճել մինչև 46%, մինչդեռ անվստահությունը կազմել է 51%։
Հարցման մեկ այլ ցուցանիշի համաձայն՝ հարցվածների 62%-ը ընդհանուր առմամբ դրական է գնահատում եկեղեցուն, մինչդեռ 33%-ը՝ բացասական։
Դրանցից 39%-ը շատ դրական գնահատական է տվել, 23%-ը՝ որոշ չափով դրական։ Բացասական գնահատականների մեջ 13%-ը նշել է «որոշ չափով բացասական», իսկ 20%-ը՝ «շատ բացասական»։
Եկեղեցու գործունեության գնահատման դեպքում դրական պատասխանները ավելի քիչ են։ 23%-ը նշել է «շատ դրական», 30%-ը՝ «որոշ չափով դրական»։
Միևնույն ժամանակ 14%-ը գնահատել է «որոշ չափով բացասական», 26%-ը՝ «շատ բացասական», իսկ 7%-ը դժվարացել է պատասխանել։
Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ եկեղեցին շարունակում է պահպանել վստահության համեմատաբար բարձր մակարդակ Հայաստանում, սակայն վերջին տարիներին ցուցանիշները զգալի փոփոխություններ են ունեցել։ 2018–2019-ի բարձր մակարդակներից հետո վստահությունը նվազել է, իսկ վերջին տարիներին նկատվում է որոշակի վերականգնում, թեև անվստահության մակարդակը շարունակում է մնալ զգալի։
Հետազոտությունն իրականացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ՝ Center for Insights in Survey Research-ի կողմից և իրականացվել ԲՐԵՎԻՍ ընկերության կողմից (ներկայացված է IPSC LLC-ի կողմից)։
Տվյալները հավաքվել են 2026-ի փետրվարի 3–13-ը հեռախոսային հարցման մեթոդով (CATI)։
…
Հայաստանի կառավարության և եկեղեցու միջև հարաբերությունները առանձնապես սրվել են 2025-ի մայիսից, երբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Շվեյցարիայում մասնակցեց Արցախի վերաբերյալ միջազգային ժողովի։ Նիկոլ Փաշինյանը կաթողիկոս Գարեգին Բ-ին գահընկեց անելու արշավ է սկսել։ Մի քանի բարձրաստիճան եկեղեցական տարբեր մեղադրանքներով կալանավորվել են, իսկ նրանցից մեկը՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման։
The post Հայաստանում եկեղեցու նկատմամբ վստահությունն աճել է․ հարցում appeared first on CIVILNET.