Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը քննադատել է Պարսից ծոցի երկրները թիրախավորելու Իրանի գործողությունները։ Այդ մասին նա ասել է մարտի 3-ի ուշ երեկոյան TRT Haber-ի հետ հարցազրույցում։
«Ծոցի երկրների մեծ մասը շատ մեծ աշխատանք է կատարել պատերազմը կանխելու համար։ Իրանի կողմից նրանց ռմբակոծումը աներևակայելի սխալ ռազմավարություն է»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։
Ֆիդանը նշել է, որ կանախտեսածի համաձայն՝ ռազմական գործողությունները չեն սահմանափակվում միայն Իրանով, այլև համակում են ամբողջ տարածաշրջանը։
«Իրանը, առաջնորդվելով՝ եթե ես գնամ, տարածաշրջանն էլ հետս կտանեմ սկզբունքով, թիրախավորում է տարածաշրջանի այլ երկրների ենթակառուցվածքները։ Նա շատ լավ գիտի, թե դրանք համաշխարհային տնտեսության, կայունության, էներգետիկ անվտանգության համար որքան կարևոր են։ Դրանց վրա հարձակվելով՝ փորձում է ճնշման կետ ստեղծել»,- ասել է Ֆիդանը։
Ֆիդանը նշել է, որ Իրանի վրա հարձակվող կողմերի՝ (Իսրայել, ԱՄՆ) գործողությունների առաջին թիրախը կարող է լինել Իրանի ռազմական ներուժի ոչնչացումը, իսկ երկրորդը՝ գործող վարչակազմի փոփոխությունը։
«Պատերազմի ընթացքն ու ձևը կարող են փոխվել ըստ այդ նպատակների, ըստ այդմ՝ ռիսկերն էլ կարող են փոփոխության ենթարկվել։ Մենք այս պահից ի վեր աշխատում ենք հայտնի երկրների հետ՝ կանխարգելելու իրավիճակի վատթարացման սցենարները»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը։
Ֆիդանը պատերազմի դադարեցման համար կարևորել է միջնորդական ջանքերի ակտիվացումը՝ նշելով, որ այդ դերն ազատորեն, ի թիվս այլ երկրների, կարող է ստանձնել Թուրքիան։
Անկարան միջնորդի հավակնություններ էր ներկայացնում նաև ընթացող պատերազմից առաջ՝ իրանա-ամերիկյան բանակցությունների ժամանակ։ Թուրքիան ու Պարսից ծոցի երկրները հանդես էին գալիս ԱՄՆ-ի ու Իրանի միջև պատերազմ թույլ չտալու օգտին։ Թուրքական կողմը հակամարտող կողմերի միջև առկա խնդիրներն ավելի սահուն լուծելու համար առաջարկում էր կենտրոնանալ բացառապես միջուկային հարցի վրա՝ դուրս թողնելով իրանական բալիստիկ հրթիռների ծրագիրը սահմանափակելուն, տարածաշրջանում Իրանի աջակցությունը վայելող ուժերին չաջակցելուն և հարստացված ուրանի փոխադրմանը վերաբերող հարցերը։
***
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Մերձավոր Արևելքի երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 2-ին հայտարարել է, որ Իրանի դեմ իրականցվող հարվածների առավել ինտենսիվ փուլը դեռևս չի մեկնարկել, այն շուտով է լինելու։
The post Թուրքիայի արտգործնախարարը քննադատել է Ծոցի երկրները թիրախավորելու Իրանի գործողությունները appeared first on CIVILNET.