Էկոլոգ, իրավաբան, փաստաբան Նազելի Վարդանյանը պնդում է, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը բնապահպանական լուրջ ռիսկեր է պարունակում, իսկ հանքի շահագործման դեմ պայքարը շարունակվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային հարթակներում։
Վարդանյանը, որը շուրջ տասը տարի դատարաններում ներկայացրել է Գնդեվազի և Ջերմուկի համայնքների բնակիչների շահերը, Ամուլսարի հիմնական ռիսկերն է համարում սեյսմիկ վտանգը, սողանքները, թթվային դրենաժը և ռադիացիոն վտանգը։ Նրա խոսքով՝ այս ռիսկերը հնարավոր չէ կառավարել կամ կանխել առկա տեխնոլոգիաներով։
Նա նաև պնդում է, որ Ամուլսարը գտնվում է Սևանա լճի ջրհավաք ավազանում, և հանքարդյունաբերությունը կարող է հանգեցնել ջրային պաշարների աղտոտման։ Վարդանյանի գնահատմամբ՝ ծրագրի իրականացումը հակասում է բնապահպանական օրենսդրությանն ու միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններին։
Բնապահպանի խոսքով՝ այս տարի Բեռնի կոնվենցիայի շրջանակում, իրենց դիմումի հիման վրա, որոշում է կայացվել՝ Ամուլսարում անհապաղ դադարեցնել շինարարությունն ու հանքարդյունաբերությունը և նշանակել նոր փորձաքննություն։ Վարդանյանը պնդում է, որ առանց համապատասխան փորձաքննական եզրակացության հանքարդյունաբերական գործունեությունն անօրինական է, իսկ Հայաստանի կառավարությունն անտեսում է միջազգային կառույցի պահանջը։
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ տարիներ շարունակվող պայքարը չի կանխել ծրագրի առաջխաղացումը՝ Վարդանյանը հակադարձել է, որ պայքարն արդյունավետ է եղել, քանի որ շուրջ 20 տարի հանքավայրի շահագործումը չի հաջողվել իրականացնել։ Նա նշել է, որ պայքարը շարունակվել է նաև միջազգային կառույցների և ֆինանսական կազմակերպությունների հետ աշխատանքով՝ նպատակ ունենալով կանխել ծրագրի ֆինանսավորումը։
Վարդանյանը հերքել է նաև դիտարկումը, թե հանքավայրն արդեն շահագործվում է։ Նրա խոսքով՝ հանքի շահագործման համար անհրաժեշտ պայմաններն ու փորձաքննական եզրակացությունը բացակայում են, իսկ Բեռնի կոնվենցիայի որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Նա համոզմունք է հայտնել, որ Ամուլսարը հանք չի դառնա։
Նազելի Վարդանյանը խոսել է նաև COP17-ի շրջանակում բնապահպանական հարցերի բարձրաձայնման և միջոցառման ընթացքում իրենց նախաձեռնության նկատմամբ սահմանափակումների մասին։ Նրա պնդմամբ՝ ոստիկանները թույլ չեն տվել բացել պաստառները, իսկ երեխաներին արգելել են պահել իրենց լուսանկարները։ Վարդանյանը քննադատել է նաև այն հանգամանքը, որ բնապահպանական խնդիրների քննարկման հարթակում, իր գնահատմամբ, մեծ տեղ է հատկացվում հանքարդյունաբերական ընկերություններին։
Նա ընդգծել է, որ Ամուլսարի դեմ պայքարը միայն հանքի շահագործման հարց չէ, այլ վերաբերում է մարդու՝ առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքին և ապագա սերունդների անվտանգությանը։
«Մենք պայքարում ենք հանուն մեր բնական միջավայրի, հանուն մեր ապագա սերունդների, որպեսզի կարողանանք այս երկիրը պահպանել»,- ասել է Վարդանյանը։
Նրա խոսքով՝ պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև Հայաստանում բնապահպանական հարցերի վերաբերյալ օրինական որոշումներ կայացվեն և կանխվեն բնապահպանական անօրինականությունները։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան