Սա գոյաբանական պահ է մի վարչակարգի համար, որը երկար տարիներ եղել է մարդասպան, բայց երբեք՝ ինքնասպան. Foreign Affairs հանեսի հետ զրույցում Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն այսպես է բնութագրում Քարիմ Սաջադփուրը՝ Քարնեգի միջազգային խաղաղության հիմնադրամի ավագ վերլուծաբան։
Սաջադփուրի գնահատմամբ՝ Իրանը կանգնած է ոչ միայն արտաքին պատերազմի, այլև ճակատագրական ներքին ընտրության առաջ։ Նրա վերլուծությունը կենտրոնանում է մի քանի հիմնական սցենարների վրա։
Վարչակարգի համախմբում և «գոյատևում ցանկացած գնով»
Սաջադփուրը նշում է, որ Իրանի ղեկավարությունը կարող է ընտրել առավել կանխատեսելի ուղին՝ համախմբվել և փորձել պահպանել իշխանությունը՝ նույնիսկ կոշտ զիջումների գնով։
«Նրանք գիտակցում են, որ ռազմական առումով չեն կարող հաղթել ԱՄՆ-ին։ Բայց նրանց պետք չէ հաղթել։ Նրանք պարզապես ուզում են գոյատևել»։
Այս սցենարի դեպքում Թեհրանը կարող է սահմանափակ պատասխան տալ և փորձել դադարեցնել ռազմական գործողությունները՝ հնարավոր զիջումներ առաջարկելով միջուկային ծրագրի, հրթիռների կամ տարածաշրջանային դաշնակիցների հարցում։
Եթե Խամենեին այլևս չկա, վարչակարգը, ըստ Սաջադփուրի, ամենայն հավանականությամբ «կփակի շարքերը» և արագ կնշանակի նոր առաջնորդ՝ հոգևորական կամ Հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, որպեսզի խուսափի իշխանական վակուումից։
Համակարգային փլուզում
Մյուս հնարավորությունը շատ ավելի անկանխատեսելի է։ «Խամենեիի մահը կարող է լինել թնդանոթի կրակոց, որը խոցում է նավը և ստիպում ղեկավարությանը փախչել՝ կաշին փրկելու համար»։
Սաջադփուրը ընդգծում է, որ Իրանի վերնախավն աշխարհում քիչ ապահով ապաստարաններ ունի։ Շատերի համար իշխանության կորուստը կարող է նշանակել ոչ միայն քաղաքական, այլև ֆիզիկական վտանգ։ Այդ պատճառով իշխանության ներսում կարող է սկսվել խուճապային վերադասավորում կամ նույնիսկ ներքին ճեղքում։
Այդպիսի սցենարը կարող է բերել պետական կառավարման թուլացման, ուժային կենտրոնների բախման և երկարատև անկայունության։
Ժողովրդական ապստամբությո՞ւն, թե՞ վախի շարունակություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ակնարկում են, որ արտաքին հարվածները կարող են ճանապարհ հարթել ներքին ապստամբության համար։ Սակայն Սաջադփուրը զգուշացնում է՝ հեղափոխությունները միայն ցանկությամբ չեն սկսվում. «Հեղափոխությունները պահանջում են և՛ ոգեշնչող, և՛ կազմակերպչական առաջնորդություն»։
Նրա խոսքով՝ ընդդիմադիրները թվաքանակով շատ են, բայց հիմնականում անզեն և անկազմակերպ են։ Իսկ վարչակարգի ուժերը «բարձր կազմակերպված են և պատրաստ են սպանել՝ իշխանությունը պահելու համար»։
Նա հիշեցնում է հեղափոխությունների պարադոքսը՝ «ոչ ոք չի ուզում միանալ պարտվող թիմին»։ Այսինքն՝ զանգվածային շարժումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե հասարակությունը հավատա, որ վարչակարգի բռնի ապարատը իսկապես թուլացել է։
Տարածաշրջանային պատերազմ
Ամենավտանգավոր սցենարներից մեկը տարածաշրջանային լայնածավալ բախումն է։ «Մերձավոր Արևելքում կան երկու տեսակի դերակատարներ՝ նրանք, ովքեր զբաղված են կառուցելով, և նրանք, ովքեր զբաղված են քանդելով»,- նշում է նա՝ հավելելով, որ Պարսից ծոցի երկրները վերջին տասնամյակներին կենտրոնացել են «կառուցելու վրա», մինչդեռ Իրանը հաճախ զբաղվել է ուժային վակուումների օգտագործմամբ և ազդեցության տարածմամբ։
Եթե Թեհրանը փորձի հարվածել նավթային օբյեկտներին կամ ապակայունացնել Ծոցի երկրները, իրավիճակը կարող է արագ դուրս գալ վերահսկողությունից։
Կոշտ ավտորիտարացում կամ նոր սկիզբ
Ներքին զարգացումների մասով հնարավոր է երկու ծայրահեղ տարբերակ։
Վատագույն դեպքում վարչակարգը կարող է դուրս գալ այս ճգնաժամից ավելի կոշտ և ավելի բռնի՝ «նույնիսկ ավելի դաժան, քան վերջին շաբաթներին», երբ հազարավոր մարդիկ սպանվեցին։
Լավագույն դեպքում, սակայն, Իրանը կարող է կանգնել քաղաքական վերափոխման շեմին։
«Իրանն ունի մարդկային կապիտալ, բնական ռեսուրսներ և պատմական խորք՝ G20 մակարդակի երկիր լինելու համար»։
Սաջադփուրը չի բացառում, որ համատեղ գործողությունների և ներքին համախմբման դեպքում հնարավոր է անցում առնվազն կայուն և ավելի չափավոր կառավարման ձևի, իսկ առավել լավ սցենարում՝ ներկայացուցչական ժողովրդավարության։
«Ես լույս եմ տեսնում թունելի վերջում,- ասում է նա,- բայց պարզ չէ՝ այդ թունելը կփլուզվի, թե ոչ»։
The post Ինչ կարող է լինել Խամենեիից հետո. Foreign Affairs-ի զրույցը մասնագետի հետ appeared first on CIVILNET.