Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է․ Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է։ Այս մասին Աննա Հակոբյանը հայտնել է իր սոցիալական էջերում հրապարակված տեսաուղերձում։

Օրեր առաջ Հակոբյանը հայտնել էր, որ ավարտվել է իր և վարչապետի քաղաքացիական ամուսնությունը։ Հանրության շրջանում այս հայտարարությունն ընկալվեց, որ նրանք օրինականացրել են իրենց ամուսնությունը, քանի որ մինչ այս նրանք օրինական ամուսիններ չէին։

«Որոշակի խառնաշփոթ առաջացավ, պայմանավորված այն հանգամանքով, որ ես նշել էի քաղաքացիական ամուսնությունը, իսկ ես նշել էի այդպես, որովհետև մենք այլ ամուսնություն չունենք։ Այսօր փետրվարի 25-ին ես լքում եմ կառավարական առանձնատունը, բայց քանի որ շատ սպասելի է, որ առաջիկայում  տաքսու վարորդները, տարբեր անհայտ անձինք տրանսպորտներում վստահաբար տարբեր տեղեկատվություն կտարածեն իմ մասին, մասնավորապես, թե ոնց եմ ես այս տունը վերցրել հիմքից և հետս տարել։ Անհրաժեշտ եմ համարում մի քանի փաստ անձամբ ձեզ տեղյակ պահել: Փաստ առաջին, ես տուն չունեմ, այն տունը, որ վարկով գնել ենք, գնվել է, դեռ շենքը կառուցման ճանապարհին է։ Հետևաբար, ես տեղափոխվում եմ վարձակալած բնակարան։ Հարկ եմ համարում ասել, որ իմ հաշվեհամարին կա գումար տան վաճառքից մնացած, թիվը չեմ հիշում, որովհետև երբեք չեմ հետաքրքրվում, որից ծախսվել է անձնական նպատակներով ինչ-որ գումար»,- ասել է Աննա Հակոբյանը։ 

Արձագանքելով Աննա Հակոբյանի այս հայտարարությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական իր էջերում գրել է․

«Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով։

Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։

Թերևս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում»։

The post Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է․ Աննա Հակոբյան appeared first on CIVILNET.

Leave a comment