«Առաջին հայացքից հեշտ բան է՝ կամ մասնակցում ենք, կամ՝ ոչ։ Բայց երբ էության մեջ ենք մտնում, երկվություն կա․ պայքարել մի քանի մանդատի համար, թե՝ ստեղծել շատ ավելի բարենպաստ պայմաններ՝ նվազագույնի հասցնելով ներընդդիմ պայքարը, դրանով իսկ փորձել հաջողություն ստեղծել այն ուժերի համար, որոնք հավակնում են հաղթել»,-իր գործով դատական նիստից հետո լրագրողների՝ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության վերաբերյալ հարցերին այսպես պատասխանեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա ասաց, որ տարբեր ուժեր իրեն այցելել են նախընտրական բանակցությունների մասով, սակայն չնշեց դրանց անունները։
Լրագրողները նկատեցին՝ ներընդդիմադիր շրջանակներում, հատկապես երկրորդ նախագահի և իր թիմի միջև պայքարը սասկացել է, Սերժ Սարգսյանն արձագանքեց․ «Չեմ կարծում, որ ներընդդիմադիր պայքարը սաստկացել է, ուղղակի ջրերը զուլալվում են։ Մենք էդտեղ որևէ խնդիր չունենք։ Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք կփորձեն մեր հաշվին «աչոկ» հավաքել, իբր մեր շանսերը նվազեցնելու համար, ակնհայտ է, որ իրենց ասվելու է ճշմարտությունը։ Եթե իրենք փորձում են ուրիշին ինչ-որ բան վերագրել, ապա ճշմարտությունը կլսեն։ Ինչ զրպարտություն լինի, այդ զրպարտությանը պատասխան ստանալու են ճշմարտության տեսքով»։
Ի պատասխան լրագրողների հարցերի, թե երբ կկողմնորոշվեն ընտրությունների մասնակցության հարցում, Սերժ Սարգսյանը պատասխանեց՝ հնարավոր է մինչև ապրիլի առաջին օրերը հայտարարեն․ «Մեր բոլոր ուսումնասիրություններով այն ուսումնասիրություններով, որոնք ժամանակին կանխատեսել են տարբեր ընտրություններ՝ գրեթե հարյուր տոկոս ճշմարտությամբ, նույնիսկ Գյումրիի մասնակցությունն են կարողացել ճիշտ կանխատեսել, մենք էսօր անցողիկ ենք, բայց կան նաև այլ հանգամանքներ․ դրանք հրապարակավ չպիտի ասեմ։ Այդ հանգամանքների ճշգրտումից հետո կհայտարարենք»։
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: