Նիդերլանդների ԱԳ նախարարն ԱՄՆ նախագահին մեղադրել է «շանտաժի» մեջ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Դավիդ վան Վելը կիրակի օրը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքը՝ նոր մաքսատուրքեր սահմանել եվրոպացի դաշնակիցների համար, քանի դեռ նրանք չեն համաձայնել Գրենլանդիան վաճառել Միացյալ Նահանգներին, «շանտաժ» է։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Այն, ինչ նա անում է, շանտաժ է… և դրա կարիքը չկա։ Դա չի օգնում Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) և չի օգնում նաև Գրենլանդիային»,- հոլանդական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Դավիդ վան Վելը։
Ըստ վան Վելի, Գրենլանդիայում ԵՄ առաքելության նպատակն էր ցույց տալ ԱՄՆ-ի և Եվրոպայի պատրաստակամությունը՝ օգնելու պաշտպանել Գրենլանդիան, և ինքը դեմ է, որ Թրամփը դիվանագիտությունը կապի կղզու և առևտրի հետ։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից և Ֆինլանդիայից ներկրվող ապրանքների 10 տոկոսանոց մաքսատուրքն ուժի մեջ կմտնի փետրվարի 1-ից, սակայն հետագայում կարող է բարձրանալ մինչև 25 տոկոս և կգործի այնքան ժամանակ, մինչև Գրենլանդիայի վերաբերյալ գործարք կնքվի։ Թրամփը պնդում է, որ դանիական ինքնավար տարածքը վճռորոշ նշանակություն ունի ԱՄՆ անվտանգության համար և չի բացառում դրա գրավումն ուժով։