Աշխատանքային պայմանագրերի թվայնացման ժամկետները երկարաձգվել են

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների փաթեթը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ըստ նոր կարգավորումների՝ աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը բացառապես թվային համակարգով իրականացնելու պահանջի վերջնաժամկետը 2026 թվականի հունվարի 1-ից տեղափոխվել է 2027 թվականի հուլիսի 1-ը:

Մինչև սահմանված նոր ժամկետը թվային համակարգով պայմանագրերի կնքումը կրելու է կամավոր բնույթ: Այդուհանդերձ, համակարգի միջոցով ձևակերպված պայմանագրերը, համաձայնագրերն ու հրամանները կունենան լիարժեք իրավական ուժ: Օրենսդրական փոփոխությունը նախատեսում է նաև անցումային կարգավորում, որի համաձայն՝ ժամկետի երկարաձգումը տարածվելու է նաև 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած աշխատանքային հարաբերությունների վրա:

Փոփոխություններ են կատարվել նաև գործող պայմանագրերի հաշվառման ժամկետներում: Աշխատանքային պայմանագրերը թվային համակարգ պարտադիր մուտքագրելու վերջնաժամկետը, որը նախկինում 2026 թվականի դեկտեմբերի 31-ն էր, երկարաձգվել է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը:

Առանձնահատուկ մոտեցում է սահմանվել որոշակի խմբերի համար։ Ըստ աղբյուրի՝ ՀՀ-ից դուրս գտնվող և աշխատանքն արտերկրում կատարող անձանց հետ հարաբերությունները չեն իրականացվի թվային համակարգի միջոցով: Բացի այդ, ՀՀ-ում գտնվող օտարերկրացիների, փախստականների և ապաստան հայցողների համար պահպանվում է թղթային եղանակը՝ պայմանով, որ օրինական բնակության փաստաթուղթ ստանալուց հետո եռամսյա ժամկետում պայմանագրերը պետք է մուտքագրվեն համակարգ:

The post Աշխատանքային պայմանագրերի թվայնացման ժամկետները երկարաձգվել են appeared first on CIVILNET.

Leave a comment