Ամեն մարդ աշխարհ գալուց շնորհ ունի․ իմը մանկավարժն է։
Ալեն Մարգարյան
Արցախյան 2020 թ․ 44-օրյա պատերազմում հազարավոր քաջորդիներ նահատակվեցին, դարձան հավերժի ճամփորդ, մնացին հավերժ զինվոր։ Այդ քաջորդիներից է Արցախի հերոս, «Ոսկե Արծիվ» շքանշանակիր Ալեն Լևոնի Մարգարյանը՝ ծնված 11․02․1999 թ․, Երևանում։ Հայոց բանակի վերակազմավորման 34-ամյակին և Հերոսի հիշատակին նվիրված՝ փետրվարի 18-ին Երևանում՝ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում, տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ։
Երևանի Վահան Զատիկյանի անվան թիվ 90 հիմնական դպրոցի առաջին ու չորրորդ դասարանների աշակերտները, դասվար Սիրվարդ Թամազյանի ղեկավարությամբ, հանդես եկան հայրենասիրական ոգով՝ ասմունք ու երգ, հուշեր Հերոսի մասին։ Ցերեկույթին ներկա էր նաև Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանը։
Զինվորական համազգեստով աշակերտները ներկայացրեցին պահեր առաջնագծից, որտեղ էր Ալենը, ոգևորված ու հուզմունքով համառոտակի ներկայացրեցին Հերոս Ալենին՝ մեծ գրքասերին, որը որոշել էր նաև իր մայրիկի մասին գիրք գրել։
Հիմնական կրթություն ստացել է Երևանի Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական դպրոցում։ 2013-ին, գերազանց ավարտելով հիմնական դպրոցը, ընդունվել է Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց։ Այստեղ նույնպես շարունակել է գերազանց սովորել ու ավարտել կարմիր ատեստատով։ Դպրոցական տարիներին նաև մասնակցել է արտադպրոցական խմբակների՝ պար, թատերական, լող։
2020 թ․ օգոստոսին զորակոչվել է Հայոց բանակ՝ որպես կապավոր ծառայության անցնելով Արցախի պաշտպանական բանակում՝ Մատաղիսի տարածքում։ Ալենն ընդամենը մեկուկես ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է Թալիշի և Մատաղիսի առաջնագծում։ Երբ հրամանատարական կազմը հրահանգել է զենք-զինամթերք, սնունդ հասցնել առաջնագիծ, Ալենը ստանձնել է այդ աշխատանքը։ «Տղերք, մեր ախպերները սոված են, հաց հասցնենք», — ասում էր ու շտապում տղերքի մոտ։ Մարտական առաջադրանքը կատարելիս Ալեն Մարգարյանը զոհվել է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին՝ Մատաղիսում։ Հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում։
Աշակերտները ներկայացրեցին Ալենի նախասիրությունները։ Ընթերցեցին հատվածներ Ալենի ընտանիքի և ընկերների նախաձեռնությամբ տպագրված «Բոլորիս Ալենը» գրքից։ Հերոսի ընկերների, մտերիմների, ուսանողների և դասախոսների հուշերն են հրապարակվել Հերոսի մասին։
16 տարեկանից ընդգրկվել էր «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի ժյուրիի կազմում։ Ընտրելով կինոարվեստի ակադեմիական ուղին՝ 2016 թ․ ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժին։ 2020-ին բակալավրիատը կարմիր դիպլոմով ավարտելուց հետո ընդունվել է Բոստոնի համալսարան՝ սոցիալական աշխատանք և կրթության կառավարում կրկնակի մագիստրոսական ծրագրով։ Ունեցել է տարկետման իրավունք, բայց հայրենիքին ծառայելն առաջնային էր նրա համար։
Աշակերտների հերոսն Ավ․ Իսահակյանի անվան գրադարանում Ալենն էր, որը զոհվեց, որ նույն երեխաները խաղաղ երկնքի տակ ապրեն։ Հուզված էին ներկաները, Ալենի մայրը, որն իր օրհնությունը տվեց աշակերտներին։ Շատ կարևոր է, որ մեր հանրակրթական դպրոցներում միշտ կատարվի Հերոսների ոգեկոչում։ Ներկաները շնորհակալություն հայտնեցին աշակերտների ուսուցչուհուն՝ Ս․ Թամազյանին, ծնողներին, դպրոցի ղեկավարությանը։ Կարևորվեց, որ այլևս պատերազմ չլինի։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: