Վաշինգտոնում Ալիևի թիկնապահները հարձակվել են ցուցարարների վրա

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անվտանգության ծառայության աշխատակիցները փետրվարի 19-ին Վաշինգտոնում հարձակվել են ադրբեջանցի հակալիևյան ցուցարարների վրա։ Ծեծկռտուքը տեղի է ունեցել ԱՄՆ ոստիկանության աշխատակիցների աչքի առաջ և տեսագրվել է, ապա լայն տարածում գտել սոցիալական մեդիայում։

Բողոքողների թվում էր նաև Ռահիմ Յաղուբլուն՝ հայտնի քաղաքական գործիչ Թոֆիգ Յաղուբլուի որդին։ Նա 2025-ի մարտին դատապարտվել էր ինը տարվա ազատազրկման՝ խարդախության և կեղծիքների մեղադրանքով։

Ալիևն ու նրա պատվիրակությունը Վաշինգտոն էին ժամանել՝ մասնակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդի» բացման նիստին (խմբ․- Նիստին մասնակցում էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը):

Տեսագրություններում երևում է, թե ինչպես են Ալիևի թիկնապահները հարձակվում խաղաղ ցուցարարների վրա, որոնք ադրբեջաներեն վանկարկում էին՝ «ազատություն քաղաքական բանտարկյալներին»։

Յաղուբլուն սոցիալական մեդիայում գրել է, որ իրենց նպատակը պարզապես Ադրբեջանում իշխանությունների քննադատների ազատ արձակում պահանջելն էր։

«Մենք խաղաղ կերպով պահանջում էինք ազատություն քաղաքական քննադատների, լրագրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար։ Մենք որևէ կերպ չէինք փորձել սադրել իրավիճակը։ Ադրբեջանում ոչ ոք չի կարող բողոքել Իլհամ Ալիևի դեմ, արդեն ավելի քան յոթ տարի է՝ հավաքների ազատությունն արգելված է, և մենք ցանկանում էինք, որ մեր ձայնը լսելի դառնա»,- ասել է նա և նշել, որ իրեն ծեծել են թիկնապահները, որոնցից մեկը հարվածել է դեմքին։

Յաղուբլուն ավելացրել է․

«Ցավոք, նրանք դաժանորեն հարձակվեցին մեզ վրա և թույլ չտվեցին վանկարկել մեր կարգախոսները։ Նրանք ծեծեցին ինձ, հարվածեցին ոտքերով և պատռեցին բաճկոնս։ Սակայն ես նրանց հասցեին վիրավորական խոսքեր չեմ ասել»։

Մեկ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես են ծեծում բողոքողներից մեկին՝ Ադիլ Ամրախլիին, որի աչքը սևացել է, իսկ ճակատն ու քիթը՝ վնասվել։

«Նա իրեն վատ է զգում, սրտխառնոց ունի, և մենք արդեն շտապ օգնություն ենք կանչել», – տեսանյութում ասում է մի անձ։

Washington Post-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր է ժամանել շտապօգնության մեքենա, և բուժանձնակազմը զննել է ծեծի ենթարկվածների առողջական վիճակը, սակայն նրանցից ոչ ոք չի հոսպիտալացվել։

Ավելի ուշ բլոգեր, «Ադրբեջանցի քաղաքական փախստականների ամերիկյան կազմակերպության» (AOAPR) անդամ Ամրախլին Washington Post-ին հայտնել է, որ «հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ ցուցարարները հյուրանոցի գլխավոր մուտքից վազել են դեպի մեկ այլ մուտք՝ փորձելով կանխել, որպեսզի Ալիևը աննկատ չանցնի»։

Կազմակերպության նպատակը «Ադրբեջանի ռեժիմի անօրինական գործողությունների դեմ քաղաքացիական և ժողովրդավարական պայքար մղելն է»։

Մինչ տեսանյութը լայնորեն տարածվում էր սոցիալական ցանցերում, ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները հայտարարում էին, թե «վտանգավոր խումբը» փորձել է մուտք գործել այն հյուրանոց, որտեղ բնակվում էր Ալիևը։

Իշխանամետ Qafqazinfo լրատվամիջոցը գրել էր, որ արտերկրում բնակվող «հակաադրբեջանական տարրերը» «ագրեսիվ և սադրիչ կերպով» փորձել են մտնել հյուրանոց։

«Ադրբեջանի նախագահի անվտանգության աշխատակիցները, ամերիկյան ոստիկանության հետ միասին, արագ միջամտեցին, պրոֆեսիոնալ կերպով չեզոքացրին այդ անձանց և կանխեցին դիվերսիոն փորձը»,- գրել է Qafqazinfo-ն։

Սակայն Washington Post-ը հայտնել է, որ «միջադեպը տեղի չի ունեցել հյուրանոցի տարածքում և չի առնչվել հյուրանոցի աշխատակիցներին»։

OC Media-ի հարցմանը ի պատասխան՝ Վաշինգտոնի ոստիկանությունը հայտարարել է, որ «տեղյակ է միջադեպի մասին», սակայն ձերբակալություններ չեն կատարվել։

Վաշինգտոնի ոստիկանության խոսնակ Թոմ Լինչը Washington Post-ին հաստատել է, որ միջադեպում «ներգրավված են եղել ադրբեջանական անվտանգության աշխատակիցներ», սակայն չի հստակեցրել՝ արդյոք ԱՄՆ ոստիկանությունը միջամտել է, կամ արդյոք տվյալ թիկնապահները շարունակում են գտնվել ԱՄՆ-ում։ Լինչը նշել է, որ հարցը «փոխանցվել է Պետդեպարտամենտին»։

Ավելի ուշ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը հրապարակել է իր հայտարարությունը՝ պնդելով, որ «բողոքողների մի խումբ սադրիչ գործողություններ է իրականացրել», և որ «ցուցարարները բռնի կերպով փորձել են ներխուժել պաշտպանվող տարածք և վիրավորական գործողություններ են կատարել նախագահի ավտոշարասյան նկատմամբ»։

«Այս խումբը նաև անպարկեշտ արտահայտություններ է օգտագործել Ադրբեջանի ղեկավարության հասցեին։ Նախագահական անվտանգության ծառայությունը այլընտրանք չուներ, քան անմիջապես միջամտել, քանի որ պետության ղեկավարին տեղափոխող պաշտպանվող ավտոմեքենային խոչընդոտելու կամ ֆիզիկական միջամտության ցանկացած փորձ լուրջ անվտանգության վտանգ է ներկայացնում։ Պաշտպանական արձագանքը, որպես ստանդարտ գործելակերպ, միտված էր բացառապես անվտանգության ապահովմանը»։

Դեսպանատունը նաև հակադարձել է միջադեպի ներկայացմանը՝ հայտարարելով. «Մենք վճռականորեն մերժում ենք անվտանգության միջոցառումների վերաբերյալ որևէ խեղաթյուրված ներկայացում կամ մեղադրանքների տարածում, որոնք կապված են երկրի ղեկավարին և պաշտպանվող ավտոշարասյանը նպատակաուղղված գործողություններին արձագանքելու հետ։ Ադրբեջանի անվտանգության ծառայողները մշտապես գործում են ընդունող երկրի հետ խիստ համակարգված համագործակցությամբ»։

The post Վաշինգտոնում Ալիևի թիկնապահները հարձակվել են ցուցարարների վրա appeared first on CIVILNET.

Leave a comment