Ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի իրավահաջորդները համաձայնել են մինչև 35 միլիոն դոլար փոխհատուցում վճարել նրան սեռական ոտնձգության մեջ մեղադրող կանանց։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ ֆինանսիստի իրավահաջորդները՝ Դարեն Ինդայքը և Ռիչարդ Կանը, համաձայնվել են գործարքի գնալ՝ «վերջնականապես և ընդմիշտ լուծելու, չեղարկելու և փակելու» մի խումբ կանանց հայցերը, որոնք պնդում են, որ 1995 թվականից մինչև 2019 թվականի օգոստոսի 10-ը ֆինանսիստի կողմից սեռական բռնության կամ թրաֆիքինգի են ենթարկվել։
Նշվում է, որ համաձայնագիրը նախատեսում է 35 միլիոն դոլար վճարել, եթե տուժածների թիվը գերազանցի 40-ը, կամ 25 միլիոն դոլար՝ եթե նրանց թիվն ավելի քիչ լինի։ Սակայն, նախքան ծրագիրը ուժի մեջ մտնելը, այն պետք է հաստատվի Նյու Յորքի դաշնային դատավորի կողմից։
Նշվում է, որ Ինդայքի և Կանի դեմ դատական հայց է ներկայացվել է 2024 թվականին: Երկուսն էլ Էփշտեյնի հետ աշխատել են երկար տարիներ՝ մեկը որպես փաստաբան, մյուսը՝ որպես հաշվապահ: Այնուամենայնիվ, նրանց մեղադրանք չի առաջադրվել բռնություն գործադրելու կամ հանցագործություններին ականատես լինելու համար: