Վաշինգտոնում մի խումբ ցուցարարներ փորձել են մոտենալ Խաղաղության խորհրդի նիստին մասնակցելու համար ԱՄՆ ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավտոմեքենային։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտնել են Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպանատնից։
Ալիևը Վաշինգտոն էր ժամանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով։ Դիվանագիտական առաքելության տվյալներով՝ փետրվարի 19-ին Waldorf Astoria հյուրանոցի մոտ, որտեղ կանգ է առել Ադրբեջանի ղեկավարը, ցուցարարները սադրիչ գործողություններ են իրականացրել։
Երբ նախագահական շարասյունը մոտեցել է հյուրանոցին, մի քանի հոգի փորձել են ներխուժել պահպանվող գոտի և ագրեսիվ գործողություններ են ձեռնարկել ծառայողական ավտոմեքենայի նկատմամբ։ Ադրբեջանի ղեկավարության հասցեին նաև վիրավորանքներ են հնչել։
Պաշտպանության ծառայությունը անվտանգության միջոցառումներ է ձեռնարկել։ Դիվանագիտական առաքելությունից ընդգծել են, որ պետության ղեկավարին փոխադրող պահպանվող տրանսպորտի շարժը խոչընդոտելու փորձերը դիտարկվում են որպես սպառնալիք անվտանգությանը։
Նույն օրը Վաշինգտոնում կայացել է Գազայի հարցի շուրջ Դոնալդ Թրամփի ստեղծած Խաղաղության խորհրդի առաջին նիստը՝ ավելի քան 40 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Sputnik Արմենիա