ԱՄՆ Գերագույն դատարանն անօրինական է ճանաչել Թրամփի սահմանած լայնածավալ գլոբալ մաքսատուրքերի մի մասը

Քաղաքականություն

20.02.2026 | 20:27

ԱՄՆ Գերագույն դատարանը անօրինական է ճանաչել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված միակողմանի ներմուծման մաքսատուրքերը։ Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ Գերագույն դատարանը նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը գերազանցել է իր սահմանադրական լիազորությունները, երբ միակողմանիորեն սահմանել է ներմուծման մաքսատուրքեր ԱՄՆ ներմուծվող ապրանքների նկատմամբ։

Դատարանի այս որոշումը, չնայած այն հանգամանքին, որ դատարանում մեծամասնություն են կազմում Թրամփի կողմից նշանակված կամ նրան աջակցող դատավորները, կարող է լուրջ արձագանք առաջացնել Սպիտակ տան կողմից, քանի որ սահմանափակում է նախագահի արտաքին քաղաքականության հիմնական գործիքներից մեկը՝ մաքսատուրքերը։

Բացի այդ, որոշումը կարող է իրավական հիմք ստեղծել ամերիկյան բիզնեսի համար՝ ստորադաս դատարաններում պահանջելու արդեն վճարված մաքսատուրքերի վերադարձը, որոնց ընդհանուր ծավալը գնահատվում է գրեթե 150 միլիարդ դոլար։

Reuters-ի հաղորդմամբ՝ վեց դատավոր կողմ է քվեարկել մաքսատուրքերն անօրինական ճանաչելու որոշմանը, իսկ երեքը՝ դեմ։ Հայցը Գերագույն դատարան էին ներկայացրել այն ընկերությունները, որոնք տուժել էին սակագների բարձրացումից, ինչպես նաև ԱՄՆ 12 նահանգներ, որոնց մեծ մասը ղեկավարվում է դեմոկրատների կողմից։

Դոնալդ Թրամփը իր երկրորդ նախագահական ժամկետի մեկնարկից հետո մաքսատուրքերը օգտագործել էր որպես տնտեսական և արտաքին քաղաքականության առանցքային գործիք։ Նրա նախաձեռնությունները հանգեցրել էին Վաշինգտոնի հիմնական առևտրային գործընկերների հետ հարաբերությունների լարվածության, ազդել ֆինանսական շուկաների վրա և նպաստել գլոբալ տնտեսական անորոշության աճին։

 

 

Leave a comment