Կառավարության աշխատանքի շուրջ ձևավորված հանրային արատավոր մտածողությունը – Azat TV

Այն, ինչ անում է օրվա իշխանությունը՝ լինի դա փողոցի ասֆալտապատում, դպրոցի կամ մանկապարտեզի հիմնանորոգում, բակերի բարեկարգում, լուսավորության անցկացում, ջրամատակարարման կամ ճանապարհային ենթակառուցվածքների ստեղծում, հանրային ընկալման մեջ հաճախ ներկայացվում է ոչ թե որպես իշխանության պարտականություն, այլ որպես մի տեսակ «բարեշնորհում» քաղաքացիներին։ Կարծես պետությունն ինչ-որ բան «տալիս է» ժողովրդին, մինչդեռ իրականում պետական մարմինները պարզապես կատարում են այն, ինչ պարտավոր են անել՝ քաղաքացիներից հավաքված հարկերի հաշվին։

Այս մտածողությունը ոչ միայն աղավաղում է պետություն–քաղաքացի հարաբերությունների էությունը, այլեւ աստիճանաբար արժեզրկում է գիտակից քաղաքացիների քննադատությունն ու պահանջատիրությունը։

Առանձին դեպքերում իհարկե հնարավոր է խոսել իշխանության նախաձեռնողականության կամ քաղաքական տեսլականի մասին։ Սակայն դա միայն այն դեպքերում, երբ նախընտրական ծրագրերում ներկայացվում են հավակնոտ, նորարարական կամ մրցակից քաղաքական ուժերի օրակարգում բացակայող խոշոր ծրագրեր։ Այդ պարագայում կարելի է արձանագրել, որ տվյալ իշխանությունն իրականացնում է քայլեր՝ ակնկալելի բնական արդյունքներից ավելին ստանալու համար, կամ փորձում է բարձրացնել պետական քաղաքականության նշաձողը։ Բայց երբ խոսքը վերաբերում է ամենօրյա քաղաքային ենթակառուցվածքներին, կրթական հաստատությունների պահպանմանն ու հիմնանորոգմանը, հանրային տարածքների կարգավորմանը, բյուջետային աշխատողների աշխատավարձերին ու սոցիալական ապահովությանը, կենսաթոշակառուների կարիքներին եւ այդ կարգի այլ խնդիրների, ապա դա ոչ թե քաղաքական առատաձեռնություն է, այլ օրվա իշխանության «սրբազան» գործառույթը։

Ավելին՝ հենց այս գործառույթների շուրջ էլ պետք է ձեւավորվի հանրային պահանջատիրությունը։ Քաղաքացին իրավունք ունի ոչ միայն ուրախանալ, որ իր փողոցը վերջապես վերանորոգվեց, այլ նաեւ հարցնել՝ ինչո՞ւ դա չարվեց ավելի շուտ, ինչո՞ւ աշխատանքների որակը հաճախ խնդրահարույց է, ինչո՞ւ նույն թաղամասը տարեցտարի կրկին փորվում է, ինչո՞ւ որոշ համայնքներ մշտապես դուրս են մնում պետական ուշադրությունից։ Երբ հանրային քննարկումներում փորձ է արվում կառավարության աշխատանքային ակտիվությունը ներկայացնել որպես անբնական բարեգործություն, այդ կերպ իշխող վարչախումբն ազատվում է ինչպես չարվածի, այնպես էլ անորակ արվածի համար պատասխանատվությունից։

Այս մտածողության արմատները շատ դեպքերում գալիս են խորհրդային անցյալից, որտեղ պետությունը վերեւից «տալիս» էր, իսկ քաղաքացին՝ ներքեւից «շնորհակալ լինում»։ Սակայն անկախ Հայաստանի պայմաններում այդ մոդելը շատ վտանգավոր է, քանի որ թույլ է տալիս օրվա իշխանություններին իրենց պարտականությունները ներկայացնել որպես բացառիկ նվաճում։ Ժողովրդավարական, իսկ եթե առավել դիպուկ արտահայտվենք՝ արդար հասարակարգ կառուցող պետություններում իշխանությունը չի «նվիրում» հանրային բարիքներ․ այն պարտավոր է դրանք ապահովել՝ թափանցիկ, արդյունավետ եւ հաշվետու կերպով։ Ու կարիք չկա մարդկանց «աչքը խոթել» կառավարության այս կամ այն բարձր ցուցանիշը՝ դա ներկայացնելով որպես «հերոսություն»։ Հերոսությունը լինում է միայն ազգային ու պետական շահերի տիրույթում, երբ մարդիկ քաջություն ու անձնազոհություն են ցուցաբերում այլոց, այդ թվում՝ կառավարությունների, թերացումներն ու սխալներն ուղղելու համար։

Leave a comment