ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը ազգային թեմաներին լավագույնս անդրադարձած նկարիչներից է: Ասվածի լավագույն արտահայտությունը արվեստագետի պաննոներն ու մի շարք մեծակտավ ստեղծագործություններ են:
«Ամեն մի նկարիչ, որ ծնվել է այս հողում եւ խմել այս երկրի ջուրը, պետք է հայրենիքի հանդեպ պատասխանատվություն ունենա ու յուրօրինակ ձեւով իր սերն ու նվիրումը արտահայտի հայրենիքի հանդեպ», -ասում է ՀՀ ժողովրդական նկարիչը՝ ներկայացնելով Հայաստանին ու Արցախին նվիրված իր աշխատանքները: Ասում է՝ անգամ դիպլոմային աշխատանքն է նվիրված եղել Կոմիտասին, հիշում է, թե ինչպես էր Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսորն իր դիմպլոմայինի պաշտպանության ժամանակ միացրել Լուսինե Զաքարյանի ձայնագրությունը, եւ ինչպես էին նրա կատարմամբ կոմիտասյան հնչյունները մարդկանց հավաքել լսարանում:
Նկարիչն ասում է, որ ժամանակին երիտասարդ նկարիչների համամիութենական ցուցահանդեսի մրցանակը շահած իր «Մայրս» կտավը եւս գովք է եղել ուղղված հայրենիքին, ծննդավայրին: Ի դեպ, նա բոլոր հնարավորություններն ունեցել է Սանկտ Պետերբուրգում (այն ժամանակ՝ Լենինգրադ) մնալու, բայց գերադասել է հայրենիքում ապրել, ստեղծագործել ու կայանալ:
Տարիներ անց, արդեն որպես ճանաչված ու կայացած նկարիչ՝ Փարավոն Միրզոյանը նկարել է «Արմենիա» կտավը, որը գտնվում է Հայաստանի ազգային գրադարանում: Իսկ «Արցախ աշխարհ» պաննոն ստեղծել է Արցախ այցելությունից անմիջապես հետո, եւ այժմ ներկայացված է Հայաստանի ազգային պատկերասրահում: Մյուսը «Ծովից ծով Հայաստան» պաննոն է, որն ամփոփում է հայրենիքի ամբողջության գաղափարը: «Ծովից ծով Հայաստան» պաննոյի առաջին պլանում ծաղկած ծիրանենին է՝ իբրեւ հայ ժողովրդի հավերժական ծաղկումի խորհրդանիշ: Արմատներով սյունեցի Փարավոն Միրզոյանը, բնականաբար, պետք է նաեւ հայրենի Սյունիքը նկարեր, հետեւաբար պետք է ծնվեր նրա «Սյունիք» պաննոն: Նկարիչն ընդգծում է, որ իր բոլոր պաննոները եղել են նվիրատվություն, դրանք երբեք չի վաճառել:
Աշխարհի մի շարք թանգարաններում ցուցադրվող եւ բազմաթիվ ցուցահանդեսներ ունեցած նկարչի ամենավերջին գործերից մեկը Վահան Տերյանին պատկերող յուրահատուկ կտավն է: Պատմում է, թե ինչպես է հղացել Տերյանին պատկերելու գաղափարը. «Օրենբուրգի թանգարանից ինձ զանգեցին եւ ասացին, որ 195 տարի առաջ Պուշկինը եղել է Հայաստանում, կարո՞ղ եմ այդ թեմայով որեւէ նկար նկարել, ասացի՝ ինչու ոչ, նման մեծ պոետի մասին է խոսքը: Պուշկինին նկարելիս մտածեցի՝ իսկ ինչո՞ւ Վահան Տերյանին էլ չնկարեմ: Մեր տաղանդավոր քնարերգուն, բանաստեղծը Օրենբուրգում է իր մահկանացուն կնքել եւ ժամանակին լավ չի ներկայացել: Տերյանին էլ նկարեցի եւ նվիրեցի Օրենբուրգի թանգարանին, աշխատանքը շատ լավ ցուցադրեցին… Որոշ ժամանակ անց, երբ արդեն ուսումնասիրել էի Տերյանի ստեղծագործական ժառանգությունն ու նամակները, իմ պատկերացրած Տերյանին նկարեցի»: Փարավոն Միրզոյանն իր այս գործը արժեքավոր է համարում, նրա ձեւակերպմամբ. «Հասկացող մարդու համար այն եւս մի պաննո է… 1925թ. Սարյանը մի լուսանկարից է Տերյան նկարել, ու դրանից հետո նման կոմպոզիցիոն աշխատանք չի ստեղծվել»:
Հայոց ցեղասպանության եւ Քրիստոնեության թեմաներին նկարիչը որոշ վերապահումներով է մոտենում: Առաջին թեմայով չի ստեղծագործել, ասում է՝ այն իրեն ցավ է պատճառում, ու նաեւ տարակուսած է, որ այս պայմաններում Հայաստանում խոսում են Ադրբեջանի հետ խաղաղության մասին, երբ ազգությամբ հայերը Բաքվի բանտում են: Ինչ վերաբերում է Քրիստոնեությանը, ասում է՝ մարդ արարածը շատ է փոխվել, եւ այն, ինչ կատարվում է քրիստոնյաների հանդեպ, ընդունելի չէ: Նկարիչը փաստում է, որ, օրինակ, Գերմանիայում 200 քրիստոնեական եկեղեցի է փակվել: Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ իրականացվող արշավը եւս աննախադեպ է համարում: «Ինչու եք քանդում մեր եկեղեցին, միջամտում եկեղեցու գործերին, պետությունն ու եկեղեցին անջատ են իրարից, ո՞վ է ձեզ թույլ տվել քննել հոգեւորականների վարքը»,-ասում է նա:
Երբ հարցնում ենք, թե ինչու է իր Ադամին ու Եվային ծառերի տեսքով պատկերել, Փարավոն Միրզոյանն այսպես է արձագանքում. «Ես աշխարհի շատ թանգարաններում եմ եղել, տեսել եմ Ադամին ու Եվային պատկերող հրաշալի ստեղծագործություններ, բայց նույնը կրկնելու իմաստը չեմ տեսնում: Ամեն նկարիչ յուրովի է պատմում, թե ինչպես է Աստված իր պատկերով ստեղծել Ադամին, ապա նրա կողոսկրից՝ Եվային: Ոմանք էլ ասում են՝ Եվան տիեզերքից է եկել: Ես մտածել եմ՝ ինչո՞ւ պետք է ենթարկվեմ հազարամյակներով պատմվող այս մտքին եւ նկարել եմ Ադամի ու Եվայի իմ տարբերակը: Երբ սերմը դնում են հողի մեջ, դառնում է մի լավ ծառ, ինչու պետք է Ադամն ու Եվան հողից ծնված չլինեն: Այնպես որ՝ իմ «Ադամն ու Եվան» կտավում Ադամն ու Եվան ծառերի նման են»:
Լեոնարդո Դա Վինչիից մինչեւ Սալվադոր Դալի անդրադարձել են Աստվածաշնչից հայտնի խորհրդավոր ընթրիքի թեմային: Փարավոն Միրզոյանն այդ թեմային 2 անգամ է անդրադարձել՝ առաջինը 1980-ականներին, երկրորդը՝ վերջին տարիներին: «Ամեն մեկը Հիսուս Քրիստոսին իր նման է նկարում՝ ֆրանսիացին՝ իր նման, լեհը՝ իր, անգամ սեւամորթներն են Հիսուսին իրենց նման պատկերում: Իմ ստեղծագործության մեջ Քրիստոսի դեմքը լուսավոր հետք է, որովհետեւ նա չի կարող նման լինել, ասենք, իմ որեւէ բարեկամին, որին ես գուցե չեմ էլ սիրում… Ինքը աշխարհն է փոխում, ուզում է մեր հոգիները մաքրել, տիեզերքի հետ կապել: Որոշ ժամանակ անց ստեղծված մյուս «Խորհրդավոր ընթրիքը» ես վերածել եմ աբստրակցիայի: Այդ պարագայում ստացվել է՝ լույս-ստվեր, բարի-չար, կապույտ-կարմիր, ձուկ, այս բոլորը խորհրդանիշներ են…»,-ասում է նկարիչը ու հավելում, որ արտասահմանցի հայտնի արվեստաբաններից մեկը գլուխգործոց է որակել այդ կտավը, ու հավաստիացրել, որ եթե ֆրանսիացի կամ իտալացի լիներ հեղինակը, այն այլ գնահատականի կարժանանար աշխարհում:
Մեր զրուցակիցն ափսոսում է, որ Հայաստանում լավագույն արվեստագետները հաճախ ըստ արժանվույն չեն գնահատվում, մինչդեռ այլ երկրներում, երբ նրանք ներկայացնում են Հայաստանը, մեծարվում են, նրանց աշխատանքների պատկերով դրոշմանիշներ են թողարկվում, ցուցահանդեսներ կայանում: Օրինակ, վերջերս «Русская галерея – XXI век» միջազգային պարբերականն առաջարկել է Փարավոն Միրզոյանի 20 ստեղծագործությունները հրապարակել ամսագրում: Նկարիչը նաեւ նշում է, որ այսօր Հայաստանում խոսում են կոչումների վերացման մասին, բայց իրենց յուրային արվեստագետներին զանազան կոչումներով են պատվում, նրանց կերտած քանդակները տեղադրում Երեւանի տարբեր անկյուններում: Նրա ձեւակերպմամբ, բացառությամբ մի քանիսի, Անկախությունից հետո Երեւանում խայտառակ արձաններ են տեղադրվել՝ այս կամ այն բարձր հովանու ներքո:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.02.2026
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: