Կրեմլի Փոթորիկ-1516 (Storm 1516) բոտերի ցանցը Հայաստան իբրև թե հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձի թեզը սպասարկող կեղծ տեղեկություն է տարածել։
Մասնավորապես, բոտերի ցանցը նախկինում ՀՀ-ի մասին կեղծ տեղեկություններ տարածած X-ի հաշիվների միջոցով (1, 2 , 3 , 4 , 5 ) անգլալեզու տեսանյութ է տարածել, որում պնդում է արվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տասնյակ միլիոնավոր դրամներ է հատկացնում Հայաստանի սահմանամերձ շրջաններում 600 000 ադրբեջանցիների համար տներ կառուցելու նպատակով։
Համաձայն Gnida Project ռուսաստանյան հետաքննական հարթակի՝ Լուգանսկի քաղաքացիություն ունեցող թուրք լրագրող Օքայ Դեփրեմը, որն իրականացնում է ռուսամետ քարոզչական գործունեություն, հերթական ապատեղեկատվական արշավի հեղինակն է։
The campaign also links to an “exclusive report” in “dikGAZETE” by Okay Deprem, a Russian propagandist of Turkish origin pic.twitter.com/V3MOMYpZU8
— gnida project (@gnidaproject) May 19, 2026
Storm-1516․ Հայաստանի դեմ ապատեղեկատվություն տարածող ցանցեր
Անցնող տարում «Փաստերի ստուգման հարթակը» բացահայտել էր նաև, որ Հայաստանն առաջին անգամ թիրախավորվել է հետխորհրդային երկրներում ապատեղեկատվական արշավներ իրականացնող «Մատրյոշկա» և Storm-1516 անունով մերձկրեմլյան ցանցերի կողմից։
Մասնավորապես, հունիսի 12-ից սկսած հենց «Մատրյոշկա» ցանցի բոտերն էին մեկնարկել Փաշինյանի դեմ արշավ՝ սուր քննադատական և կեղծ պնդումներով։ Նման արշավներ՝ թե՛ ԱԲ-ով գեներացված նյութերի, և թե՛ նմանակ կայքերում հրապարակված հոդվածների տարածման միջոցով այս ցանցերն ավելի ուշ ևս իրականացրել են։
«Բոտը» (անգլերեն robot բառից) ծրագիր է, որն ինքնաշխատ կերպով կատարում է որոշակի գործողություններ մարդու փոխարեն կամ մարդու նման։ Այս պարագայում խոսքը սոցիալական ցանցերում լայն տարածված՝ ապատեղեկատվություն տարածող բոտերի մասին է, որոնք հրապարակումներ են անում ինքնաշխատ կերպով։
Ինչպե՞ս են գործում այս ցանցերը․ ապատեղեկատվական արշավներ կազմակերպող ու իրականացնող ռուսաստանյան «Մատրյոշկան» և Storm 1516-ը կրեմլամերձ շրջանակների կողմից համակարգվող ամենամեծ և ամենահմուտ քարոզչական ցանցերից են։
Կարդացեք նաև՝ Կրեմլի հիբրիդային արշավները Հայաստանի ու եվրոպական երկրների դեմ․ գաղտնի փաստաթղթեր
Այս արշավներն ուղղված են Արևմուտքի, ինչպես նաև հետխորհրդային երկրներում արևմտյան երկրների հետ գործակցող իշխանությունների նկատմամբ վստահության թուլացմանը և վարկաբեկմանը։ Դրանք գործում են հիմնականում սոցիալական հարթակներում (X, TikTok և այլն) և բոտերի միջոցով տարածում տեսանյութեր ու հոդվածներ, որոնք քողարկվում են իրական լրատվամիջոցների (օրինակ՝ Deutsche Welle, E! News, USA Today և այլն) անվան տակ:
Տեսանյութեր պատրաստելիս օգտագործվում են Deepfake գեներացնող արհեստական բանականությամբ տեխնոլոգիաներ, կեղծ վերնագրեր ու նյութեր։
Կեղծ լուրերի հասցեատերը հայկական Սփյուռքն է
«Փաստերի ստուգման հարթակը» տևական ժամանակ է՝ մշտադիտարկում է X, TikTok հարթակներում Հայաստանի վերաբերյալ ոչ հայալեզու կեղծ բովանդակություն, որը հաճախ չի հայտնվում հայաստանյան տեղեկատվական հոսքերում։
FIP.am-ի՝ ՌԴ նախագահի աշխատակազմի կողմից ՀՀ-ի դեմ հիբրիդային հարձակումների համակարգումը բացահայտող հետաքննությամբ պարզ դարձավ, որ Կրեմլը առանձնահատուկ կերպով թիրախավորում է հայկական Սփյուռքը՝ պառակտում և Հայաստանի հանրության ու իշխանության նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելու նպատակով։
Համաձայն արտահոսած փաստաթղթերի, ռուսալեզու «Երևան1» կայքը պատկանում է գործակալությանը․ առցանց ռեսուրսի հիմնական խնդիրն է ՌԴ հայ համայնքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորումը։
Այն, որ ռեսուրսը պատկանում է այդ գործակալությանը, պարզ է դառնում արտահոսած մի քանի փաստաթղթերից (1,2)։
Այս ռեսուրսում պարբերաբար հրապարակվում են ՀՀ իշխանություններին թիրախավորող հոդվածներ․ օրինակ, արտահոսած ֆայլերում առկա է Նիկոլ Փաշինյանի քաղաքական ապագայի մասին աստղագուշակի վերլուծության տեքստը, որը 2026 թվականի մայիսին հրապարակվել է կայքում։
Արտահոսած ֆայլերից մեկը բացահայտում է, թե ամսական կտրվածքով որքան և ինչ ձևաչափում հոդված պետք է հրապարակվի կայքում։
Գործակալությունը գործարկել է, այսպես կոչված, «համահայկական մեդիա հարթակ», սակայն արտահոսած ֆայլերում հստակորեն չի նշվում ԶԼՄ-ի անունը։
ԶԼՄ-ի նկարագրությունից հայտնի է դառնում, որ այն թիրախավորում է ԱՄՆ-ի, Լիբանանի, Իրանի, Ֆրանսիայի և այլ երկրների հայկական համայնքները՝ քարոզելով Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ, Արևմուտքից «եկող վտանգներ», ինչպես նաև թիրախավորում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը։
Փաստաթղթում նկարագրված է կայքի կառուցվածքը, համաձայն որի՝ այն պետք է հրապարակի Սփյուռքի նորությունները, առանձնահատուկ կերպով լուսաբանի Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը՝ ընդգծելով ժողովրդի կյանքում Եկեղեցու դերը, ինչպես նաև Մեծ հայերի մասին շարք հրապարակի:
Այսպիսով, Storm-1516 մերձկրեմլյան ապատեղեկատվական ցանցերի գործունեությունը ցույց է տալիս, որ Հայաստանի դեմ իրականացվող տեղեկատվական արշավների հիմնական թիրախներից մեկը նաև հայկական Սփյուռքն է։ Կեղծ տեսանյութերի, Deepfake տեխնոլոգիաների, բոտերի և իրական լրատվամիջոցներ նմանակող հարթակների միջոցով փորձ է արվում ձևավորել անվստահություն Հայաստանի իշխանությունների նկատմամբ, խորացնել պառակտումները և Սփյուռքում տարածել ապակայունացնող թեզեր։
Արտահոսած փաստաթղթերը ևս վկայում են, որ այս քարոզչական ռազմավարությունը համակարգված բնույթ ունի և ուղղված է Սփյուռքի տարբեր համայնքների վրա ազդեցություն գործադրելուն՝ կեղծ օրակարգեր առաջ մղելու նպատակով։
Նանե Մանասյան
The post Սփյուռքը՝ Կրեմլի Storm-1516-ի թիրախում․ «Ադրբեջանցիների վերադարձի» մասին կեղծ լուրը՝ անգլերենով appeared first on FIP.AM.