Աշխարհն առաջիկա 10 օրվա ընթացքում կիմանա՝ ԱՄՆ-ն համաձայնության կգա Իրանի հետ, թե կդիմի ռազմական գործողությունների. Թրամփ

Աշխարհը «հավանաբար առաջիկա 10 օրվա ընթացքում» կիմանա՝ արդյոք Միացյալ Նահանգները համաձայնության կգա Իրանի հետ, թե կդիմի ռազմական գործողությունների։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է BBC-ն:

Վաշինգտոնում Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ Թրամփը, անդրադառնալով Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին, նշել է. «Մենք պետք է կայացնենք բովանդակալից գործարք, հակառակ դեպքում վատ բաներ տեղի կունենան»։

Վերջին օրերին Միացյալ Նահանգները մեծացրել է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում, թեև միևնույն ժամանակ հաղորդվում է Շվեյցարիայում ամերիկացի և իրանցի բանակցողների միջև ընթացող քննարկումների առաջընթացի մասին։

Իրանի կառավարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել է, որ տարածաշրջանում ամերիկյան բազաները կդիտարկի որպես օրինական թիրախներ, եթե դրանք օգտագործվեն Իրանի դեմ ուղղված որևէ ռազմական ագրեսիայի համար։ ՄԱԿ-ում Թեհրանի առաքելությունը Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին հասցեագրված նամակում նշել է, որ Թրամփի հռետորաբանությունը վկայում է հարձակման իրական վտանգի մասին, սակայն ընդգծել է, որ Իրանը պատերազմ չի ցանկանում։

ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ օրենսդիրները և որոշ հանրապետականներ իրենց ընդդիմությունն են հայտնել Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություններին՝ առանց Կոնգրեսի հավանության։

Իր ելույթում Թրամփը նաև հայտնել է, որ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները «որոշակի շատ լավ հանդիպումներ» են ունեցել Իրանի հետ։

«Տարիների ընթացքում ապացուցվել է, որ Իրանի հետ բովանդակալից գործարք կնքելը հեշտ չէ»,- հավելել է նա՝ կրկնելով, որ այլապես «վատ բաներ տեղի կունենան»։

The post Աշխարհն առաջիկա 10 օրվա ընթացքում կիմանա՝ ԱՄՆ-ն համաձայնության կգա Իրանի հետ, թե կդիմի ռազմական գործողությունների. Թրամփ appeared first on CIVILNET.

Leave a comment