BBC-ի փաստերի ստուգման ծառայությունը՝ BBC Verify-ը, պարզել է, որ Կրեմլի ամենախոշոր ապատեղեկատվական «Մատրյոշկա» ցանցը արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութերի միջոցով լայնածավալ վարկաբեկման արշավ է սկսել՝ Իտալիայում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող ուկրաինացի մարզիկների դեմ։
Ուսումնասիրվել է հունվարի 30-ից հրապարակված կեղծ, մտացածին պատմությունների վրա հիմնված ավելի քան 40 տեսանյութ՝ գեներացված ԱԲ միջոցով․ դրանց հիմնական թիրախն է եղել Արևմտյան երկրների լսարանը, որի ապատեղեկատվական ցանցը հակաուկրաինական տրամադրություններ հրահրելու փորձ է արել։
Համաձայն այդ պատմությունների՝ ուկրաինացի մարզիկներն ու նրանց երկրպագուները ագրեսիվ ու ոչ պատշաճ վարք են դրսևորում Օլիմպիական խաղերի ընթացքում՝ հայտնվելով տարաբնույթ խնդրահարույց իրավիճակներում, և իբրև թե, արժանանալով Օլիմպիական խաղերի մյուս մասնակիցների ու կազմակերպիչների դժգոհությանը, անգամ հայտնվելով ԵՄ երկրների իրավապահների թիրախում:
Պատմություններից մեկի համաձայն էլ խաղերի դեմքերից մեկը հանդիսացող ամերիկացի ռեփեր Snoop Dog-ը իբրև թե հրաժարվել է ուկրաինացի մարզիկների հետ լուսանկարվելուց։
Տեսանյութերում հիմնականում օգտագործվել են իրական լրատվամիջոցների կադրեր, ինչպես նաև հայտնի անձանց ԱԲ-ի կողմից նմանակող ձայները, որոնց միջոցով էլ հնչեցվել են կեղծ պնդումները՝ լսարանի շրջանում անհեթեթ ստերն ավելի հավաստի դարձնելու նպատակով։
Մասնավորապես, BBC լրագրողների կողմից ուսումնասիրված տեսանյութերից մեկը սկզբում ցույց է տալիս Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Քիրսթի Քովենթրիի կողմից Euronews-ում տված իրական մամուլի ասուլիսը։ Սակայն, մի քանի վայրկյան անց, իրական Քովենթրիի ձայնը փոխարինվում է նրա՝ «արհեստական բանականությամբ» ստեղծված ձայնով։
Այդ կեղծ դրվագում, ՄՕԿ-ի նախագահը իբրև թե վրդովված է, որ ուկրաինացի մարզիկները Իտալիա են եկել «խելագար քաղաքական PR արշավի մասնակցելու» նպատակով, ինչպես նաև մեղադրում է նրանց ագրեսիվ ու վնասակար պահվածքի մեջ։
Մինչդեռ իրական մամուլի ասուլիսի կադրերը ցույց են տալիս, որ Քովենթրին երբեք նման բան չի ասել։
Посмотреть эту публикацию в Instagram
BBC Verify-ը նաև պարզել է, որ նմանատիպ մարտավարություն է կիրառվել ուկրաինացի մարզիկներին վարկաբեկելու համար՝ Ձմեռային խաղերում ամերիկացի մեկնաբանի կեղծ մեկնաբանություն ստեղծելով: Ավելին, կանադական CBC հեռարձակողը հաղորդել է իր լրագրողներից մեկի մասնակցությամբ արհեստական բանականության կողմից ստեղծված տեսանյութի մասին։
«Մատրյոշկա» և Storm-1516․ Հայաստանի դեմ ապատեղեկատվություն տարածող ցանցեր
2025 թվականին «Փաստերի ստուգման հարթակը» բացահայտեց, որ Հայաստանն առաջին անգամ թիրախավորվել է հետխորհրդային երկրներում ապատեղեկատվական արշավներ իրականացնող «Մատրյոշկա» և Storm-1516 անունով կրեմլյան ցանցերի կողմից։
Մասնավորապես, հունիսի 12-ից սկսած հենց «Մատրյոշկա» ցանցի բոտերն էին մեկնարկել Փաշինյանի դեմ արշավ՝ սուր քննադատական և կեղծ պնդումներով։ Նման արշավներ՝ թե՛ ԱԲ-ով գեներացված նյութերի, և թե’ նմանակ կայքերում հրապարակված հոդվածների տարածման միջոցով այս ցանցերն ավելի ուշ ևս իրականացրել են։
«Բոտը» (անգլերեն robot բառից) ծրագիր է, որն ինքնաշխատ կերպով կատարում է որոշակի գործողություններ մարդու փոխարեն կամ մարդու նման։ Այս պարագայում խոսքը սոցիալական ցանցերում լայն տարածված՝ ապատեղեկատվություն տարածող բոտերի մասին է, որոնք հրապարակումներ են անում ինքնաշխատ կերպով։
Ինչպես են գործում այս ցանցերը․ ապատեղեկատվական արշավներ կազմակերպող ու իրականացնող ռուսաստանյան «Մատրյոշկան» և Storm 1516-ը Կրեմլի կողմից համակարգվող ամենամեծ և ամենահմուտ քարոզչական ցանցերից են։
Այս արշավներն ուղղված են Արևմուտքի, ինչպես նաև հետխորհրդային երկրներում արևմտյան երկրների հետ գործակցող իշխանությունների նկատմամբ վստահության թուլացմանը և վարկաբեկմանը։ Դրանք գործում են հիմնականում սոցիալական հարթակներում (X, TikTok և այլն) և բոտերի միջոցով տարածում տեսանյութեր ու հոդվածներ, որոնք քողարկվում են իրական լրատվամիջոցների (օրինակ՝ Deutsche Welle, E! News, USA Today և այլն) անվան տակ:
Տեսանյութեր պատրաստելիս օգտագործվում են Deepfake գեներացնող արհեստական բանականությամբ տեխնոլոգիաներ, կեղծ վերնագրեր ու նյութեր։
Նանե Մանասյան
The post Կրեմլի «Մատրյոշկայի» թիրախում օլիմպիական խաղերին մասնակցող ուկրաինացի մարզիկներ են․ ավելի քան 40 Deepfake տեսանյութ է տարածվել appeared first on FIP.AM.