Զախարովան «հապճեպ և ագրեսիվ» է անվանել Փաշինյանի արձագանքը ԵԱՏՄ զեկույցին (PAN.am)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հապճեպ և նույնիսկ ագրեսիվ է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը ԵԱՏՄ պայմանագրի հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ զեկույցին:

Նա ընդգծել է, որ նման զեկույցի նախապատրաստումն անսպասելի իրադարձություն չի եղել որևէ մեկի համար։ Նրա խոսքով՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահները համապատասխան հանձնարարական պարունակող հայտարարությունն ընդունել են դեռևս ընթացիկ տարվա մայիսին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ուստի այստեղ խոսել այն մասին, թե սա ինչ-որ անսպասելի ապակառուցողական գործողություն է, պարզապես տարօրինակ է։ Միևնույն ժամանակ, ձեր նշած արձագանքը կարելի է որակել որպես հապճեպ և, ընդհանուր առմամբ, նույնիսկ ագրեսիվ Հայաստանի ղեկավարության կողմից։ Հնարավոր է՝ սա պարզապես փորձ է բոլոր հնարավոր միջոցներով գոնե ինչ-որ կերպ շեղելու հասարակության ուշադրությունը հասունացած հրատապ խնդիրներից՝ կրկին պատասխանատվությունը բարդելով մեկ ուրիշի վրա», – հայտարարել է Զախարովան ճեպազրույցի ընթացքում։

Հայաստանի Ազգային ժողովը 2025 թվականի մարտին ընդունել է օրենք, որով նախատեսվում է սկսել Եվրամիությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացը։ Ռուսական կողմը բազմիցս նշել է, որ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի մաքսային միություններին միաժամանակ անդամակցելն անհնար է։

Ավելի վաղ Եվրասիական միջկառավարական խորհրդում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները ներկայացրել են զեկույց, որում անդրադարձ է կատարվել Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության հնարավոր կասեցման հետևանքներին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադառնալով այդ փաստաթղթին, այն բնութագրել է որպես «երկրի ներսում ապակայունացում առաջացնելու և նրան անկախությունից զրկելու երրորդ փորձ»։

Leave a comment