«Իշխանությունն ունի բազմաշերտ և իրարից էապես տարբերվող ընդդիմության թևեր և այդ բոլորի դեմ պայքարել չի կարող». Ձյունիկ Աղաջանյան

Դիվանագետ Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով գործող իշխանության խոստումներին և ներկայումս վարվող քաղաքականությանը՝ ասաց. «Մենք մինչև հիմա սպասում ենք մեր գերիների վերադարձին։ Մյուս խնդիրը, որ իշխանությունների առջև դրված է, իրենք դրսից հրահանգ ունեն, որպեսզի ամեն ինչ անեն, վերընտրվելու համար, որովհետև Արևմուտքը միլիոնավոր դոլարների ներդրում ունի Արցախը հանձնելու և փաստացիորեն Սյունիքը նվիրաբերելու համար։ Խոսքս ադրբեջանական և թուրքական շահերը սպասարկող ծրագրի մասին է, ինչը հետագայում քրեական գործը կբացահայտի։ Եվ այնտեղ միայն $ 5 միլիարդը չէ, ուրիշ բաներ էլ կան։

Մենք գիտենք, Վանեցյանի խոստովանությամբ ծրարներ են փոխանցվել, որի հետ կապված բացատրություններ չունենք։ Եվ այդ ծրարների փոխանցմանը զուգընթաց մենք տեսել ենք Արցախի հանձնման գործընթաց։ Ավելին ասեմ։ Հիշենք նույն Վանեցյանի խոսքը, որ կոչ էր անում կանգ առնել, որովհետև ինքը շատ լավ հասկանում էր, թե դա ուր է տանում։ Սա՝ ուղղակի որպես փաստական վկայություններ, որ անուղղակի կերպով ապացուցում են, որ գործարք է տեղի ունեցել։ Ոչ թե մենք ենք պարտվել ենք, ոչ թե մեր զինվորը չի կռվել, ոչ թե Արցախն ինքն էր անկարող՝ որպես առանձին պետություն կամ անգամ հայկական քաղաքական միավոր շարունակել գոյությունը, այլ սա ծրագրված քաղաքականության իրականացում էր, որի անմիջական մասնակիցն էր մեր իշխանությունն իր ամբողջական ներկայությամբ։ Կարծեմ, հենց երեկ էր, որ իրենց ներկայացուցիչը բացահայտեց, որ նույն ամերիկյան կողմը 22-23 թվականներին անընդհատ հորդորել է իրենց որ հայերին կոչ անեն Արցախից դուրս գալու՝ իրենց համար գլխացավաքից ազատվելու համար։

Բայց եկեք հասկանանք։ Այն ձևով, որ դա իրագործվեց, դա բոլորի ճակատին զմռսեց ցեղասպանի և ցեղասպանական գործողություններին մասնակցի ու մեղսակցի պիտակը։ Բոլորի անխտիր։ Իսկ իրենք այս ամենը համարում են ձեռքբերում՝ հանձնվելը, ստրկության համար ստորագրություն տալը, ենթարկվելը՝ ինքնիշխանություն, պատերազմը՝ խաղաղություն է, մահերը՝ ձեռքբերում, նվաճում։

Սա հատուկ քաղաքական գործիքակազմ է, հանրային ինժեներիայի մաս, երբ որ դու թևեր ես տալիս տրամագծորեն հակառակ մարդկային նորմալ ընկալումներին։ Նույնը տեսնում ենք ցեղասպանության, Արցախի խնդրի հետ կապված։ Ամբողջովին գլխից ոտքի վրա շուռ տված է ամեն ինչը ներկայացվում»։

Տիկին Աղաջանյանն անդրադարձավ ութ տարիների պատերազմներին ու կորուստների հետևանքներին։ «Միայն կորուստ, պատերազմ, ստորացում, նվաստացում, զիջումներ, կործանում, տնտեսական անկում են բերել։ Ճիշտ է, թվեր ներկայացնում են, բայց մենք արդեն այսօր տեսնում ենք չէ՞։ Այսօր արդեն տեղեկատվություն կա, որ տավարի մսի հետ կապված խնդիրներ ունենք, որովհետև արոտավայրերը գեղեցիկ կերպով մատուցարանի վրա հանձնեցին Ադրբեջանին։ Մենք լսո՞ւմ ենք ոսկու հանքերի եկամուտների մասին, չէ՞ որ նվազել են։ Նույն ջրային ռեսուրսները։ Արցախի մասին դեռ չեմ ասում։ Հայաստանի Հանրապետության տարածքներն են հանձնել։ Արդեն տեղեկատվություն կա, որ Ներքին Հանդի, Շուռնուխի բնակչությունն աստիճանաբար դուրս է գալիս»,-ասաց բանախոսը։

Գալիք ընտրությունների և ձևավորվող ընդդիմադիր խոշոր քաղաքական միավորների ձևավորման մասին էլ Ձյունիկ Աղաջանյանն ասաց. «Այս պարագայում իշխանությունն ունի բազմաշերտ և իրարից էապես տարբերվող ընդդիմության թևեր և իրենք այդ բոլորի դեմ պայքարել չեն կարող։ Հիմա կփորձեն օրենքով ինչ-որ մի բան անել, բայց օրենքով բոլորի հեռացնել հո չե՞ն կարող։ Եթե մեկին վնասեցին, մյուսի տոկոսներն են բարձրանալու։ Որովհետև ժողովրդի մեծ մասը հիմա հասկացել է՝ սա արդեն երկիր, հայրենիք, պետություն ունենալու պայքար է, հայ մնալու պայքար է։ Մեծ մասի մեջ արդեն այն գիտակցություբը կա, որ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը բացառապես բերում է կորուստներ, կործանում; Եվ Աստված մի արասցե, վերընտրվելու դեպքում մենք կորցնելու ենք Հայաստան պետությունը»։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment