«Մեր երկրի վրա հարձակվելուց առաջ թշնամիները պետք է երկար մտածեն եւ հրաժարվեն այդ մտքից․ պաշտպանական ծախսերը կավելացնենք»

«Արցախը հետ վերադարձնելը լինելու է բազմափուլ գործողություն, դա բարդ գործընթաց է, որովհետեւ այդ գործողության համար պետք է, օրինակ, ամրապնդել մեր իրավական բոլոր թեզերը եւ Արցախի նկատմամբ մեր իրավունքը»,- այսօր  «ՀայաՔվե» միավորման նախընտրական ծրագրի ուղենշային կետերի ներկայացման ժամանակ ասաց միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։

“Hayakve” will participate in the parliamentary elections: press conference–presentation at Ani Plaza Hotel. Yerevan, Armenia

Նա նշեց, որ Արցախը նորից հայկական դարձնելու հարցն իրենց քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է։

Իսկ թե ինչպե՞ս է հնարավոր Արցախը հետ բերել հարցին նա պատասխանեց, որ պետք է կարողանալ ուժային հիմնական կենտրոններում վերակենդանացնել այդ օրակարգը, միջազգային տարբեր դատական ատյաններում հայկական կողմի հայցերի միջոցով Արդբեջանի համար անելանելի իրավիճակ ստեղծել։ Օրինակ՝ ստեղծել իրավիճակ, երբ Ադրբեջանը ստիպված կլինի հատուցել արցախցիների գույքի կամ կորսված կյանքերի համար։

«Պետք է կարողանանք Հայաստանում բնակեցված արցախցիներին համախմբել, թույլ չտալ, որ նրանք այստեղից հեռանան, արտագաղթեն, պետք է կարողանանք պահպանել նրանց մշակույթը, ինքնությունը եւ վերադառնալու ցանկությունը։ Մենք Արցախի նկատմամբ իրավունքից չպետք է հրաժարվենք, այդ իրավունքը շարունակաբար պետք է վերահաստատենք։ Ժամանակի ընթացքում, երբ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ուժային հավասարակշռությունն աստիճանաբար կփոխվի մեր օգտին, մենք ի վերջո Ադրբեջանին կկարողանանք բերել այն լուծման, որ ինքը կհամաձայնի արցախցիների վերադարձին»,- ասաց Չալաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

«ՀայաՔվե» միավորման անդամ Ավետիք Քերոբյանն էլ ներկայացրեց անվտանգության եւ պաշտպանության ծրագրի հիմնական դրույթները։

“Hayakve” will participate in the parliamentary elections: press conference–presentation at Ani Plaza Hotel. Yerevan, Armenia

«Մենք ստեղծելու ենք համապարփակ անվտանգության եւ պաշտպանության համակարգ, որը լինելու է խաղաղության երաշխիք։ Մեր բանակը մեր պաշտպանական համակարգի առանցքային բաղադրիչն է։ Մեր պաշտպանական ծախսերը մշտապես պահելու ենք բարձր մակարդակի վրա՝ ՀՆԱ-ի առնվազն 7 տոկոս, որպեսզի կարողանանք չեզոքացնել այն սպառնալիքները եւ խզվածքը, որն  այսօր ունենք մեր հակառակորդների կամ թշնամիների հետ։ Մենք զինվորական ծառայությունը դարձնելու ենք գրավիչ եւ պատվաբեր»,- ասաց նա։

Ավետիք Քերոբյանը հավելեց․ «Մեր նպատակն է լինելու արտաքին ագրեսիայի դեպքւոմ թշնամուն հասցնել անելանելի եւ ոչ վերականգնելի կորուստներ։ Մեր երկրի վրա հարձակվելուց առաջ թշնամիները պետք է երկար մտածեն եւ հրաժարվեն այդ մտքից»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment