Բրազիլիայի հրապարակում իրականացվում է ստորագրահավաք օնլայն տաքսու վարորդների կողմից։ Նրանք պատրաստվում են իրենց պահանջ-բողոքն առաջիկա օրերին ներկայացնել կառավարություն։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում ասել է, «Մայր Հայաստան» խմբակցության անդամներին են դիմել տաքսու վարորդներն ու խնդրել բարձրաձայնել իրենց խնդիրները։
Ավագանու անդամի խոսքով, օնլայն տաքսի ծառայություններում աշխատում է մոտ 120 000 վարորդ, որոնցից շուրջ 40 000-ի համար տաքսի վարելը միակ աշխատանքն է; Նրանք աշխատում են շուրջ 12 ժամ։
«Նրանք փաստացի աշխատում են առանց գրանցման։ Հիմա հայտարարում են, թե ստվեր են կրճատում, փաստացի այդքան մարդ 12-14 ժամ մեքենա են վարում, վճարում են հարկեր, բայց գրանցված չեն։ Նրանք չեն օգտվում կենսաթոշակ կուտակելու հնարավորությունից, առողապահական ապահովագրությունից, նրանք բողոքում են նաև գործատուներին վճարվող բարձր տոկոսներից»,-ասել է Դանիելյանը։
Տաքսու վարորդները նշում են, որ խնդիրների մասին բարձրաձայնել են ամիսներ շարունակ, սակայն դրանք լուծում չեն ստացել;
«Խնդիրները շատ-շատ են։ Կոնկրետ ասյօր մենք բողոքում ենք վճարվող բարձր տոկոսներից, բայցի այդ հարկեր վճարում ենք, բայց արտոնություններ չունենք, չենք կարողանում օգտվել բանկերից, ապահովագրական համակարգից, գրանցված աշխատող չենք; Դա արդար չէ»,-ասել է տաքսու վարորդներից մեկը։
Ակցիայի մեկ այլ մասնակից էլ ընդգծել է, որ պետությունը որպես տաքսու վարորդ իրեն հարկում է, մինչդեռ ինքը չի համարվում գրանցված աշխատող։
«Եթե ինձանից որպես տաքսու վարորդ հարկ է վերցնում, չի՞ գիտակցում, որ բերեք այս մարդուն համարենք գրանցված աշխատող։ Տոկոսադրույքները պետք է նվազեցվեն, որ մենք հասկանանք, դուրս ենք եկել աշխատանքի, գումար ենք վաստակում»,-ասել է տաքսու վարորդը։
Նա անարադար է համարում փաստը, որ պետությունը հարկում է իրեն՝ որպես վարորդին, «Յանդեքս»-ին՝ որպես ծառայություն մատուցող, «Յանդեքս»-ի հետ աշխատող ընկերություններին, բայց երբ հերթը հասնում է իրենց չգրանցված կարգավիճակին, աչք է փակում։
«Հենց հերթը հասնում է ներքևի խավի աշխատողին, ով իրոք պախատ է անում, աշխատում է, պետությունը չի տեսնում»,-ասաց նա։
Վարորդները պահանջում են
1. Ոլորտը կառավարելի դարձնել և վարորդների իրավունքները պաշտպանված դարձնել
2. Օնլայն տաքսի ծառայության օպերատորների բարձր տոկոսադրույքի փոխել՝ պահանջելով 22-31%ից իջեցում 10% չափով (22-31% ներառված են նաև հարկերը)։
3. Այն վարորդները, ովքեր 200 000 դրամից ավել են վաստակում և հարկեր են վճարում համարվեն գրանցված աշխատողներ՝ հետագայում բարձր թոշակ ստանալու համար։
4. Այն վարորդները, ովքեր 200 000 դրամից ավել են վաստակում և հարկեր են վճարում դառնան Առողջության Համընդհանուր Ապահովագրության Հիմնադրամի շահառու և հնարավորություն ունենան անվճար բուժօգնություն ստանալ։