ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները դժվար էին, բայց գործնական. Մեդինսկի

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները ծանր էին, բայց գործնական, ինչպես հայտնում է РБК-ն, լրագրողներին հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

«Ինչպես գիտեք, բանակցությունները տևեցին երկու օր. երեկ՝ շատ երկար՝ տարբեր ձևաչափերով, և այսօր ևս՝ մոտ երկու ժամ», – ասել է նա։

Ռուսական պատվիրակության ղեկավարի խոսքով՝ մոտ ապագայում տեղի կունենա ուկրաինական կարգավորման վերաբերյալ բանակցությունների նոր փուլ։

Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցությունները Ժնևում մեկնարկել էին փետրվարի 17-ին։ Հանդիպումը տևել է վեց ժամ, որի մեծ մասը փակ է եղել։

Բանակցություններն ընթացել են ինչպես երկկողմ ձևաչափով՝ Մոսկվա-Կիև, այնպես էլ եռակողմ՝ Վաշինգտոնի մասնակցությամբ։

Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը X-ում՝ հղում անելով երկու աղբյուրի, առաջին օրվա արդյունքներով՝ հայտնել էր, թե բանակցությունները «փակուղի են մտել»։ Նրա զրուցակիցների խոսքով՝ պատճառը ռուսական պատվիրակության ղեկավար Մեդինսկու ներկայացրած դիրքորոշումներն էին։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ստիվ Ուիտկոֆն էլ, հակառակը, հայտարարել էր ԱՄՆ գործող վարչակազմի հաջողության մասին՝ նշելով, թե այն «միավորել է հակամարտության կողմերին, ինչը բերել է էական առաջընթացի»։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ավելի վաղ նշել էր, թե դեռ վաղ է խոսել Ժնևում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների արդյունքների Մոսկվայի գնահատականի մասին։ Պեսկովը նաև ընդգծել էր, որ ռուսական պատվիրակությունը բանակցությունների ընթացքի մասին անմիջապես զեկուցում է Վլադիմիր Պուտինին։

«РИА Новости»-ն, հղում անելով աղբյուրի, հայտնել էր, թե բանակցություններին հետևել են եվրոպական չորս երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ներկայացուցիչները։ «ՌԲԿ-Ուկրաինա»-ի տվյալներով՝ դա արվել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի խնդրանքով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment