Դեպի Պեկին ու Շանհայ ուղիղ չվերթներ կբացվեն. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ  

Հայկական մասնավոր ընկերությունը բանակցություններ է վարում չինական խոշորագույն ավիափոխադրողների հետ՝ հունիսից Պեկինից և Շանհայից դեպի Հայաստան ուղիղ չվերթներ գործարկելու նպատակով։ Այս մասին «ՍիվիլՆեթ բիզնեսին»-ին տված հարցազրույցում հայտնել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

Չնայած 2025-ին զբոսաշրջային այցերի կանխատեսված 20% աճի փոխարեն Հայաստանը գրանցել է ընդամենը 2,5% հավելաճ` մոտենալով 2,3 մլն ցուցնիշի, 2026 թվականի հունվարը մեկնարկել է մոտ 29% կտրուկ ակտիվությամբ, ինչը պաշտոնյան կապում է շուկայի դիվերսիֆիկացիայի և իրադարձային զբոսաշրջության հետ։ 

Չինաստանը, ըստ կոմիտեի նախագահի, դիտարկվում է որպես դիվիերսիֆիկացիայի հնարավորություն` ձգտելով զարգացնել այլ ուղղություններ ավանդական ռուսական շուկային զուգահեռ, որին բաժին է ընկնում Հայաստան այցելությունների ավելի քան 40%-ը: 

Չինական ուղղություն. Ուռումչիից դեպի մեգապոլիսներ

Ըստ Գևորգյանի՝ չինական շուկան ցուցադրում է դինամիկ աճ, նույնիսկ սահմանափակ ավիահաղորդակցության պայմաններում։

«Չինաստանից զբոսաշրջիկների աճը 37% է կազմել՝ հասնելով շուրջ 45,000-ի։ Դա այն պարագայում, երբ ուղիղ թռիչքը միայն Ուռումչիից է՝ ինդուստրիալ քաղաքից»,- նշել է կոմիտեի նախագահը՝ հավելելով, որ չինացի զբոսաշրջիկները հաճախ օգտվում են տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթներից՝ համակցելով այցերը Վրաստանի կամ Ադրբեջանի հետ։

Չինաստանի մեծ քաղաքների հետ օդային կապեր հաստատելու ուղղությամբ գործընթացը, կոմիտեի նախագահի խոսքով, արդեն մեկնարկել է մասնավոր հատվածի նախաձեռնությամբ։

«Հայկական ընկերություն կա, որի հետ մենք փոխհամաձայնության հուշագիր ենք կնքել… Հիմա նրանք բանակցում են Պեկինից կամ Շանհայից չինական խոշորագույն երկու ավիաընկերությունների հետ՝ հունիսից դեպի Հայաստան նոր չվերթներ սկսելու ուղղությամբ»,- պարզաբանել է Գևորգյանը։

Բացի այդ, մայիսից Լատվիական AirBaltic ավիաընկերությունը կմեկնարկի Երևան-Ռիգա կանոնավոր չվերթները՝ շաբաթական երեք անգամ։ Ըստ այդմ Գևորգյանը մեջբերել է այդ երկրի դեսպանի հետ հանդիպման ժամանակ հնչած կարծիքը եվրոպական շուկայում տրամադրությունների փոփոխության վերաբերյալ։

«Մեր հանդիպման ժամանակ դեսպանն ասաց, որ իր հայրենակիցները հոգնել են պոպուլյար, հայտնի զբոսաշրջային ուղղություններից և մեծ հաճույքով կգան Հայաստան»,- դիվանագետի խոսքերը փոխանցել է կոմիտեի նախագահը՝ հավելելով, որ ժամանակակից զբոսաշրջիկը հագեցել է մեծ քաղաքներից և այժմ փնտրում է «յուրահատուկ փորձառություններ», ինչը նոր հնարավորություն է ստեղծում Հայաստանի համար։

120 մլն դոլար՝ 7 զբոսաշրջային կլաստերների համար

Զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նպատակով Հայաստանը վավերացրել է վարկային համաձայնագիր, որը նախատեսում է զգալի ներդրումներ մարզային կենտրոններում, մասնավորապես՝ Գյումրիում։

«100 միլիոն դոլարի չափ տրամադրում է Համաշխարհային բանկը, իսկ 20 միլիոն դոլարի համաֆինանսավորումն իրականացնում է ՀՀ կառավարությունը»,- հայտնել է Գևորգյանը։

Ծրագիրը կենտրոնանալու է 7 զբոսաշրջային կլաստերների վրա, որը կենտրոնացվելու են Արենիում, Դիլիջանում, Դվինում, Գյումրիում, Ջերմուկում, Գորիսում և Եղեգիսում։ Գյումրիի դեպքում, կոմիտեի նախագահի խոսքով, նախատեսվում է համայնքային այգու վերականգնում և պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ նոր բիզնես նախագծերի իրականացում։ 

Գևորգյանը նաև ընդգծել է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի ներուժը՝ որպես դեպի Եվրոպա (այժմ՝ Կիպրոս, իսկ առաջիակյում` գուցե նաև Իտալիա) նոր ուղղությունների սպասարկման կետ։

«Դասական երաժշտության Մայքլ Ջեքսոնի» համերգը Երևանում

Երևանում անվցյալ տարի ամերիկացի հանրահայտ երգչուհի, դերասանուհի  Զենիֆեր Լոպեսի աղմուկ հանացծ համերգից հետո կառավարությունը նախատեսում է շարունակել իրադարձային զբոսաշրջության խթանման քաղաքականությունը՝ թիրախավորելով տարեկան առնվազն երկու համաշխարհային մեծության աստղի հրավիրելը։ Նպատակը, ինչպես նշում են պաշտոնյաները, Հայաստանի զբոսաշրջային գրավչության և տեսանելիության բարձրացումն է:

Ըստ այդմ այս տարվա գլխավոր մշակութային իրադարձություններից մեկը կլինի չինացի դաշնակահար Լանգ Լանգի համերգը։ «Դասական երաժշտության աշխարհում նա Մայքլ Ջեքսոնն է, չեմ վախենում այդ բառերից»,- ասել է Գևորգյանը՝ ընդգծելով միջոցառման կարևորությունը։

2026-ին նախատեսված են նաև այլ խոշոր միջոցառումներ: Մայիսի վերջին Հայաստան կհյուրընկալի Concours Mondial de Bruxelles-ը` գինու միջազգային հեղինակավոր համտես-մրցույթի միջոցառումը, որի շրջանակում կժամանեն 400 սոմելյեներ՝ գնահատելու 10,000 շիշ գինի։ Գևորգյանը սա անվանում է «գինու օլիմպիադա»։

Երևանի գինու օրերի 10-ամյակի կապակցությամբ սպասվում է Michelin-ի աստղ ունեցող խոհարարների մրցույթ։ Տարեվերջին ակնկալվում է շուրջ 16,000 հյուրի ժամանում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի COP17-ի համաժողովի շրջանակում:

Անդրադառնալով ֆինանսավորման խնդիրներին՝ Գևորգյանը համեմատականներ է անցկացրել տարածաշրջանային մրցակիցների հետ՝ նշելով մարքեթինգային բյուջեի սղությունը։ «Զբոսաշրջության կոմիտեն մեկ զբոսաշրջիկի ներգրավման մարքեթինգի վրա ծախսում է 0.9 դոլար… Իմ բյուջեն 2 միլիոն դոլար է, իսկ Վրաստանինը՝ 16 միլիոն դոլար»,- եզրափակել է նա։

The post Դեպի Պեկին ու Շանհայ ուղիղ չվերթներ կբացվեն. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ   appeared first on CIVILNET.

Leave a comment