Եվրահանձնաժողովը կհետաքննի Shein-ին

Եվրոպական հանձնաժողովը պաշտոնապես վարույթ է սկսել  չինական մանրածախ Shein-ի նկատմամբ՝ եվրոպական օրենսդրության մի շարք հնարավոր խախտումների կասկածների հիմքով։ Կսկսվի պաշտոնական հետաքննությունը, որի հիմնական կետերն են՝

  • ԵՄ-ում անօրինական ապրանքների (օրինակ՝ երեխայի կերպարանքով սեռական խաղալիքներ) վաճառքը սահմանափակելու համակարգեր, 
  • օգտատերերին ակտիվության համար միավորներ կամ պարգևներ տրամադրելը կամ խաղայնացումը՝ gamification-ը, և կախվածություն առաջացնող դիզայնը,
  • համակարգի թանփանցիկությունը և օգտատերերին գնման առաջարկներով հեղեղելը։

Պաշտոնական վարույթի մեկնարկից հետո Հանձնաժողովը կշարունակի ապացույցների հավաքագրումը։ Այս որոշումը հիմնված է Shein-ի կողմից ներկայացված ռիսկերի գնահատման հաշվետվությունների նախնական վերլուծության, Հանձնաժողովի հարցումներին տրված պատասխանների, ինչպես նաև երրորդ կողմերի կողմից տրամադրված տեղեկատվության վրա։

Սա երկրորդ հետաքննությունն է, որը մեկնարկում է առցանց մանրածախ հարթակի կախվածություն առաջացնելու վերաբերյալ։ Առաջինը սկսվել էր Temu-ի նկատմամբ 2024-ի վերջին։

Առհասարակ, վերջին ամիսներին Եվրոպական միությունում ամենաքննարկվող թեմաներից է եվրոպական և չինական ընկերությունների միջև անարդար մրցակցությունը։

«ԵՄ-ում անօրինական ապրանքները արգելված են՝ անկախ նրանից՝ դրանք վաճառվում են խանութի դարակում, թե առցանց հարթակում։ Մենք կգնահատենք, թե արդյոք Shein-ը հարգում է այս կանոնները և իր պատասխանատվությունը»,- նշել է տեխնոլոգիական և անվտանգության հարցերով գործադիր փոխնախագահ Հեննա Վիրկկունեն։

The post Եվրահանձնաժողովը կհետաքննի Shein-ին appeared first on CIVILNET.

Leave a comment