«Վատիկանը չի մասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այսպես կոչված «Խաղաղության խորհրդի» նախաձեռնությանը, երեքշաբթի հայտարարել է Վատիկանի գլխավոր դիվանագիտական պաշտոնյան՝ կարդինալ Պիետրո Պարոլինը՝ հավելելով, որ ճգնաժամային իրավիճակների կառավարման ջանքերը պետք է իրականացվեն Միավորված ազգերի կազմակերպության կողմից», – գրում է Reuters-ը։
Հռոմի պապ Լևոն 14-րդը, ԱՄՆ-ից առաջին պապը և Թրամփի որոշ քաղաքականությունների քննադատը, հունվարին հրավիրվել էր միանալու այդ խորհրդին։
Reuters-ը նշում է. Թրամփի Գազայի ծրագրի համաձայն, որը հոկտեմբերին հանգեցրել էր խոցելի հրադադարի, նախատեսվում էր, որ խորհուրդը վերահսկի Գազայի ժամանակավոր կառավարման գործընթացը։ Այնուհետև Թրամփը հայտարարել էր, որ խորհուրդը՝ իր նախագահությամբ, կընդլայնվի՝ զբաղվելու նաև համաշխարհային հակամարտություններով։ Խորհուրդն առաջին նիստը Վաշինգտոնում կանցկացնի փետրվարի 19-ին՝ քննարկելու Գազայի վերականգնումը։
Իտալիան և Եվրոպական միությունը հայտարարել են, որ իրենց ներկայացուցիչները նախատեսում են մասնակցել որպես դիտորդներ, քանի որ չեն միացել խորհրդին։
Պարոլինի խոսքով՝ Սուրբ Աթոռը «չի մասնակցի Խաղաղության խորհրդին՝ իր առանձնահատուկ բնույթի պատճառով, որն ակնհայտորեն չի համապատասխանում մյուս պետությունների բնույթին»։
«Մեր մտահոգություններից մեկը այն է, որ միջազգային մակարդակում ճգնաժամային իրավիճակների կառավարումը նախևառաջ պետք է իրականացնի ՄԱԿ-ը։ Սա այն հիմնական կետերից է, որի վրա մենք պնդել ենք»,- ասել է կարդինալ Պիետրո Պարոլինը։
Reuters-ը հիշեցնում է. Մարդու իրավունքների բազմաթիվ փորձագետներ նշում են, թե այն հանգամանքը, որ Թրամփը պետք է ղեկավարի օտար տարածքի գործերը վերահսկող խորհուրդը, գաղութատիրական կառուցվածք է հիշեցնում։ Անցած ամիս ստեղծված խորհուրդը քննադատության է ենթարկվել նաև այն պատճառով, որ դրա կազմում պաղեստինցի ներկայացուցիչ չկա։
Թրամփի հրավերին պետություններն արձագանքել են զգուշավորությամբ, իսկ փորձագետները մտահոգված են, որ խորհուրդը կարող է թուլացնել ՄԱԿ-ի դերը։ «Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի որոշ դաշնակիցներ միացել են խորհրդին, մինչդեռ նրա արևմտյան դաշնակիցները առայժմ հեռու են մնացել։
Գազայի հրադադարը բազմիցս խախտվել է. հոկտեմբերից ի վեր հաղորդվում է հարյուրավոր պաղեստինցիների և չորս իսրայելցի զինծառայողների մահվան մասին։
Իսրայելի հարձակումը Գազայի վրա, ըստ տվյալների, հանգեցրել է ավելի քան 72,000 զոհի, առաջացրել է սովի ճգնաժամ և ներքին տեղահանման է ենթարկել Գազայի ողջ բնակչությանը»,- գրում է Reuters-ը։
Մարդու իրավունքների բազմաթիվ փորձագետներ, գիտնականներ և ՄԱԿ-ի հետաքննություն այն որակում են որպես ցեղասպանություն։ Իսրայելը իր գործողությունները բնութագրում է որպես ինքնապաշտպանություն՝ այն բանից հետո, երբ 2023 թվականի վերջում «Համասի» առաջնորդած զինյալները սպանեցին 1,200 մարդ և ավելի քան 250 պատանդ վերցրին։
Հռոմի պապ Լևոն 14-րդը բազմիցս դատապարտել է Գազայի պայմանները։ Հռոմի պապը, որը ղեկավարում է աշխարհի 1.4 միլիարդ կաթոլիկներին, հազվադեպ է մասնակցում միջազգային խորհրդներին։ Վատիկանը ունի լայնածավալ դիվանագիտական ծառայություն և ՄԱԿ-ում ունի մշտական դիտորդի կարգավիճակ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: