Հետամերիկյան աշխարհի ձևավորումը. ԵՄ–Հնդկաստան առևտրային համաձայնագրի նշանակությունը 

Կոպենհագենի համալսարանի ասիական հետազոտությունների պրոֆեսոր Ռավինդեր Կաուրը The Guardian-ում հրապարակած հոդվածում վերլուծում է փոփոխվող «հետամերիկյան» աշխարհակարգը և դրանում Հնդկաստանի հարաճուն դերի մասին։

2007 թվականն էր։ Սթիվ Ջոբսը հայտարարել էր առաջին iPhone-ի թողարկման մասին, ԱՄՆ-ում հասունանում էր վատորակ վարկերի հիփոթեքային ճգնաժամը, ԵՄ-ն ընդլայնվել էր՝ ներառելով Ռումինիան և Բուլղարիան, իսկ Հնդկաստանը առաջին անգամ դարձել էր տրիլիոն դոլարանոց տնտեսություն։ Հենց այդ ժամանակ առաջին անգամ մեկնարկեցին Դելիի և Բրյուսելի միջև առևտրային բանակցությունները։ Սակայն դրանից միայն 20 տարի անց [2026-ի հունվար] ստորագրվեց համաձայնագիր՝ մի քանի ամիս տևած անսովոր արագացված բանակցություններից հետո։

Հունվարի 27-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարեցին «բոլոր համաձայնագրերի մայրը», որը խոստանում է միավորել շուրջ 2 միլիարդ սպառող և համաշխարհային ՀՆԱ-ի մեկ քառորդը։ Համաձայնագիրը բացում է Հնդկաստանի՝ ավանդաբար պաշտպանողական ներքին շուկայի որոշ հատվածներ՝ շեշտադրելով արտադրության և ծառայությունների արտահանումը․ փոխարենը հնդկական միջին խավի սպառողների համար ավելի մատչելի կդառնան եվրոպական ավտոմեքենաներն ու գինին։ ԵՄ–Հնդկաստան համապարփակ ռազմավարական օրակարգը շատ ավելի լայն է և ընդգրկում է պաշտպանություն և անվտանգություն, բազմակողմանիության հանդեպ հանձնառություն, շարժունակություն և համագործակցություն տարբեր ոլորտներում։

Ինչու հիմա

Ինչո՞ւ 20 տարվա պարբերական դադարներից ու վերսկսումներից հետո հանկարծ տեղի ունեցավ այս արագացումը։ Պատասխանը ամբողջությամբ կապված է Դոնալդ Թրամփի հետ։ ԵՄ–Հնդկաստան ազատ առևտրի համաձայնագիրը բացահայտում է հետամերիկյան համաշխարհային կարգի ուրվագիծը՝ տարածքային ինքնիշխանությանը շարունակական սպառնալիքների, պատժիչ մաքսատուրքերի և բազմակողմանի ինստիտուտների թուլացման պայմաններում։

Սկզբնական բանակցությունները դանդաղ էին ընթանում՝ ավտոմեքենաների, ալկոհոլի, գյուղատնտեսության և կաթնամթերքի շուրջ տարաձայնությունների պատճառով, և 2013-ին դադարեցվեցին։ Դրանք վերսկսվեցին 2022-ին, երբ հետհամաճարակային աշխարհը փորձում էր «նվազեցնել ռիսկերը» և Չինաստանից դուրս բազմազանեցնել մատակարարման շղթաները։ Հեգնականորեն, գործարքը ավարտին հասցրեց ոչ թե Չինաստանը, այլ Թրամփի ստվերը։ 2024-ի դեկտեմբերին, նույնիսկ իր երկրորդ նախագահության երդմնակալությունից առաջ, ԱՄՆ նախագահը անհանգստացրեց Եվրոպային՝ վերակենդանացնելով Գրենլանդիային տիրելու գաղափարը։ Այն, որ սերտ դաշնակիցը սպառնում էր տարածքային ինքնիշխանությանը, Եվրոպայում ձևավորեց «տանը մենակ» լինելու համատարած զգացում՝ անդրատլանտյան հարաբերությունների լարվածության ֆոնին։

Քաոսը խորացնելու համար Թրամփը պաշտոնավարման առաջին օրը ծանր մաքսատուրքեր սահմանեց իր հարևանների՝ Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ․ քայլ, որն ավարտվեց «ազատագրման օրվա» հարկերով աշխարհի 90 երկրների նկատմամբ։ Հնդկաստանը ենթարկվեց ամենաբարձր մաքսատուրքերից մեկին՝ 50%, որի մեջ ներառված էր լրացուցիչ 25%՝ զեղչված ռուսական նավթ գնելու համար։ Վերջերս մաքսատուրքերի «զենքը» կրկին կիրառվեց ԵՄ-ի և Միացյալ Թագավորության դեմ, երբ ութ երկիր ՆԱՏՕ-ի մի քանի զինվոր ուղարկեցին Գրենլանդիա։ Արդյունքում, ինչպես ցույց են տալիս հանրային կարծիքի վերջին հարցումները, ԱՄՆ-ն Եվրոպայում այլևս ոչ միայն ընկալվում է որպես անվստահելի գործընկեր, այլև որպես բացահայտ սպառնալիք։

Այժմ «ռիսկերի նվազեցումն» ու «անջատումը» կրկին նորաձև են Եվրոպայում, սակայն թիրախը Թրամփի Ամերիկան է, ոչ թե Չինաստանը։ Խոսքը ոչ միայն մատակարարման շղթաների, այլև հարկադրանքին դիմակայելու ռազմավարական կարողության մասին է։ Օրինակ է Ֆրանսիայի կառավարության վերջին որոշումը՝ պաշտոնյաներին արգելել օգտագործել ամերիկյան տեսաժողովային ծրագրեր, ինչպիսին է Zoom-ը, և խթանել տեղական Visio հարթակը։

Հնդկաստան–ԵՄ զարգացող գործընկերության լայն շրջանակը վկայում է բազմակողմանի ինստիտուտներին հանձնառության և անվտանգության, պաշտպանության, հետազոտության, շարժունակության ու կապակցվածության ոլորտներում համագործակցության խորացման մասին՝ ներառյալ ընդլայնված ներգրավվածությունը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Քանի որ ԱՄՆ-ն հետ է քաշվում արևմտյան կիսագունդ (այսպես կոչված «Դոնրոյի դոկտրինի» միջոցով), Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, որը ԱՄՆ ներգրավվածության առանցքային երբեմնի ուղղությունն էր Ասիայում, այժմ ավելի բաց է ԵՄ-ի հետ համագործակցության համար։

Առևտրային այս համաձայնագիրն իր տեսակի մեջ ամենամեծն է, սակայն նաև մաս է խորացող միտման, երբ բազմաթիվ երկրներ փորձում են ձևավորել նոր դաշինքներ։ Բրյուսելը վերջերս առևտրային համաձայնագիր է կնքել Հարավային Ամերիկայի «Մերկոսուր» առևտրային բլոկի հետ (1991-ին ստեղծված տարածաշրջանային առևտրատնտեսական կազմակերպություն, որը միավորում է Արգենտինան, Բրազիլիան, Պարագվայը և Ուրուգվայը), ու ևս մի քանիսը քննարկման փուլում են։ Միայն վերջին ամիսներին Հնդկաստանը համաձայնագրեր է ստորագրել Միացյալ Թագավորության և Նոր Զելանդիայի հետ։ Թեև վավերացումն ու իրականացումը ժամանակ են պահանջում և կարող են բախվել խոչընդոտների (ինչպես ԵՄ–«Մերկոսուր» համաձայնագրի ձգձգումը), միտումն ակնհայտ է։ Այն աշխարհը, որի մասին Արևմուտքից դուրս շատերը վաղուց էին երազում՝ բազմաբևեռություն, ռազմավարական ինքնավարություն, նույնիսկ հրաժարում դոլարիզացիայից, ձևավորվում է՝ սկզբում դանդաղ, այժմ՝ արագ։

ԵՄ–Հնդկաստան գագաթնաժողովից մեկ օր առաջ ԵՄ առաջնորդները առաջին անգամ Հնդկաստանի Հանրապետության օրվա տոնակատարություններին մասնակցեցին որպես պատվավոր հյուրեր՝ դիտելով ռազմական շքերթն ու գունագեղ հանդիսությունները։ Ստեղծվող պատկերները կտրուկ հակադրություն էին վերջին ամիսների եվրոպական մռայլ տրամադրություններին։ Դրանք փոխանցում էին բարեկամական մթնոլորտը, նույնիսկ լավատեսությունը։

Աշխարհը շարժվում է առաջ։ «Ամերիկան՝ առաջինը» ավելի ու ավելի հաճախ թվում է «Ամերիկան՝ մենակ»։

The post Հետամերիկյան աշխարհի ձևավորումը. ԵՄ–Հնդկաստան առևտրային համաձայնագրի նշանակությունը  appeared first on CIVILNET.

Leave a comment