«Օգոստոսի 8-ի գլխավոր արդյունքն առնվազն կարճաժամկետ կտրվածքով տարածաշրջանում կայունությանը նպաստելն էր, ինչպես նաեւ էսկալացիայի ռիսկի զգալի նվազեցումը»,- այսօր Ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի (ԺԱՏԿ) տարեկան համաժողովի ժամանակ ասաց կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը՝ անդրադառնալով 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը:
«Ակնհայտ է, որ Արցախի էթնիկ զտումից հետո հայ-ադրբեջանական հարաբերություններում ամենախնդրահարույց հարցը հաղորդակցությունենրի ապաշրջափակման խնդիրն էր: Այդ շրջանում հաճախ էինք լսում Ադրբեջանի կողմից ագրեսիվ հռետորաբանություն, հարցը ուժային ճանապարհով լուծելու սպառնալիք: TRIPP-ը, ինչքան էլ իդեալական չլինի, այդ առումով այս հարցին որոշակի լուծում տվել է: Պարզ էր, որ իդեալական պայմաններում դժվար թե Հայաստանն այսպիսի համաձայնությունների գնար, խոսքը գնում է նաեւ երրորդ կողմին ինչ-որ չափով վերահսկողությունը զիջելու մասին: Բայց, երբ փորձում էինք հասկանալ այս ծրագրի այլընտրանքները, տեսնում ենք՝ այլընտրանքներն ավելի վատն էին: Ամենագլխավոր բացասական այլընտրանքը ռազմական ճանապարհով այդ հաղորդակցության բացումն էր:
Այդ առումով TRIPP-ը, իմ կարծիքով, կարողացել է առնվազն կողմերի մինիմալ պահանջներին լուծումներ տալ: ՀՀ մասով առավել կարեւոր էր մեկ ամիս առաջ ԱԳ նախարարությունների կողմից հրապարակված փաստաթուղթը TRIPP-ի իրագործման շրջանակի վերաբերյալ, որը կարեւոր մանրամասներ է հստակեցրել գործընթացի հետ կապված ու ցույց է տվել, որ ՀՀ մինիմալ կարմիր գծերը այս գործընթացում պահպանվել են: Եթե խոսքը գնում է ՀՀ հիմնական զիջումների մասին, գլխավոր խնդիրը փոխադարձության հետ է կապված: Ակնհայտ է՝ ՀՀ տարածքում գործելու է ինչ-որ պարզեցված ռեժիմ՝ ադրբեջանական բեռների ու ուղեւորների համար, բայց նույնը դժվար թե կարելի է ակնկալել ադրբեջանական տարածքում: Սա սիմվոլիկ զիջում է»,- հավելեց Գրիգորյանը:
Ըստ նրա՝ TRIPP-ի շնորհիվ թեեւ ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությունը չկա, բայց կան ադրբեջանական նարատիվները. օրինակ «Արեւմտյան Ադրբեջան» նարատիվը. «Սա նշանակում է, որ Ադրբեջանը մի քանի սցենարների է պատրաստ: Միգուցե այս փուլում գերակա սցենարը խաղաղության սցենարն է, բայց ունեն նաեւ ծավալապաշտական ու ագրեսիվ սցենարներ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: