«Անկախ դիտորդը» ստացել է դեռևս չճշտված ահազանգ, որ որոշ բնակավայրերում համամասնական ընտրակարգով քվեարկող ընտրողներին հրահանգվել է հատուկ կերպով ծալել քվեաթերթիկը

Անկախ դիտորդ դաշինքը 2026թ․նոյեմբերի 29-ին իրականացնում է դիտորդական առաքելություն Հայաստանի Հանրապետության 12 համայքներում։

Քվեարկության օրվա դիտարկումն իրականացվում է շուրջ 110 շրջիկ դիտորդների և 10 արագ արձագանքման խմբերի միջոցով։

Ժամը 10։30-ի դրությամբ դիտորդներն այցելել են 317-ից 154 տեղամաս։

Առավոտվա նիստ

Տեղամասերի շուրջ 72%-ում առավոտյան նիստը մեկնարկել է 7։00-ին, 28% տեղամասերում այն սկսվել է ուշացմամբ՝ առավելագույնը 20 րոպե։ Բոլոր դեպքերում դա պայմանավորված է եղել հանձնաժողովի անդամների ուշացմամբ և չի ունեցել էական ազդեցություն։ 1 տեղամասում նիստը սկսվել է 06։40 և հնարավոր չի եղել դիտարկել չհրկիզվող պահարանը բացելը, սակայն որևէ ակներև խախտում չի արձանագրվել։

Տեղամասերից 7-ում արձանագրվել են խնդիրներ, որոնք սակայն չեն ազդել գործընթացի վրա։ 1 տեղամասում հանձնաժողովի նախագահը չի տիրապետել գործառույթներին և չի վարել նիստը։ 1 տեղամասում վիճակահանությունը չի իրականացվել սահմանված կարգով․ հանձնաժողովը պայմանավորվել էր գործառույթների բաշխման հերթականության վերաբերյալ, այնուհետև ձևական վիճակահանություն իրականացրել, սակայն գրանցել նախնական համաձայնությամբ ամրագրված հերթականությունը։ Եվս 1 տեղամասում հանձնաժողովը արգելել է դիտորդին ծանոթանալ գրանցամատյանում տեղեկատվության հետ, սակայն խախտումը վերացվել է։

Բոլոր դիտարկված տեղամասերում տպվել և պատշաճ փակցվել է գրանցամատյանում ընտրողների բացակայության վերաբերյալ 0-ական տեղեկանքը։

Նիստի ընթացքում դիտարկված տեղամասերից 16-ում արձանագրվել են կահավորանքի խնդիրներ, որոնցից 2-ը կարող է վտանգել ընտրողի քվեարկության գաղտնիությունը, 7-ում անբավարար է եղել քվեարկության խցիկի հատվածում լուսավորությունը, ինչը երեկոյան ժամերին կարող է հանգեցնել ակամա բաց քվեարկության դեպքերի։ 2 տեղամասերում դիտորդների գնահատմամբ սենյակային ջերմաստիճանը անբավարար ցածր է հանձնաժողովի աշխատանքի կազմակերպման համար։ Իրազեկման նյութերը, քվեաթերթիկի նմուշը բացակայել են 3 տեղամասերում։

Հանձնաժողովի նիստերին վստահված անձինք ներկա են եղել տեղամասերի ընդամենը 58%-ում, իսկ 2 կուսակցությունների վստահված անձինք՝ միայն 34%-ում։

Նիստերը ավարտվել մինչև ժամը 8։00 դիտարկված բոլոր տեղամասերում։

Դիտարկումներ 10։30 դրությամբ

Տեղամասային կենտրոնների հետ կապված

Ժամը 8։00-ից քվեարկության ընթացքում դիտորդները այցելել են 154 տեղամասային կենտրոն։ Մատչելիության գնահատման տեսանկյունից դիտարկված տեղամասերի 40%-ում դիտորդներն արձանագրել են, որ տեղամասային կենտրոնի մուտքի մոտ կան խոչընդոտներ։ Տեղամասային կենտրոնների 44%-ը գնահատվել է անմատչելի։ Դիտարկված տեղամասային կենտրոնների 7%-ում քվեարկության սենյակը գտնվել է 2-րդ հարկում:

Հիշեցնենք, որ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները իրավունք ունեն համայնքների ղեկավարներից պահանջել փոխել տեղամասային կենտրոնի համար հատկացված շինությունը կամ վարձակալել այլ շինություն՝ առավելագույն մատչելիություն և աշխատանքային բավարար պայմաններ ապահովելու նխպատակով։

Դիտարկված տեղամասերից 34-ում սենյակային ջերմաստիճանը անբավար ցածր է գնահատվել դիտորդի կողմից, իսկ 14-ում բացակայել է սանհանգույցը կամ հասանելի չի եղել։

Դիտորդի կողմից արձանագրվող խնդիրների, խախտումների բացարձակ մեծամասնությունը հանձնաժողովները պատրաստակամություն են հայտնել վերացնել։

Դիտարկման պահին տեղամասերի 53%-ում ներկա են եղել վստահված անձինք, սակայն միայն 28% դեպքերում են ներկայացված եղել 1-ից ավել կուսակցությունները։

Հիշեցնենք, որ ընդամենը 3 համայնքներում է առաջադրված միայն մեկ կուսակցություն։

Նշենք, որ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները լիազորված են դիմել համայնքների ղեկավարների տեղամասային կենտրոնների շինությունները փոխելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են վարձակալել մասնավոր տարածքներ՝ մատչելիության և աշխատանոքային պայմանների նվազագույն պահանջներին բավարարելու համար։

Արձանագրված խախտումներ

Այցելած 154 տեղամասերից 25-ում արձանագրվել է թվով 29 խախտում․ ընթացակարգային բնույթի 5 աննշան խախտում, քվեարկության բարձրաձայնման 2 դեպք և կահավորման պատճառով քվեարկության գաղտնիության հնարավոր խախտման 3 դեպք, տեղամասային կենտրոնում գտնվելու իրավունք չունեցող անձանց հետ կապված 10 դեպք, որոնք հիմնականում վերաբերում են միևնույն կուսակցությունից մեկից ավելի վստահված անձանց ներկայությանը։ Արձանագրվել է նաև 1 կոնֆլիկտային իրավիճակ կուսակցությունների վստահված անձանց միջև՝ վկայական չկրելու կապակցությամբ և մի քանի այլ ոչ էական խախտումներ։

Անկախ դիտորդը ստացել է դեռևս չճշտված ահազանգ, որ որոշ բնակավայրերում համամասնական ընտրակարգով քվեարկող ընտրողներին հրահանգվել է հատուկ կերպով ծալել քվեաթերթիկը։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին հորդորում ենք հիշեցնել տեղամասային ընտրական հանձնաժողովներին, որ համամասնական ընտրակարգով քվեարկության դեպքում քվեաթերթիկը ծրարի մեջ դրվում է առանց ծալելու։ Ըստ այդմ անհրաժեշտ է ընտրողներին տեղեկացնել, որ որևէ կերպ չծալեն քվեաթերթիկը։

ԱՆԿԱԽ ԴԻՏՈՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment