Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության ընդունումը հնարավորություն կտա ոչ միայն ստորագրելու և վավերացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը, այլև հաստատելու «ինստիտուցիոնալ, տևական և անշրջելի» խաղաղություն։ Միևնույն ժամանակ հերքելով ինքն իրեն՝ փորձում է համոզել, որ սահմանադրական փոփոխությունները բխում են Հայաստանի ներքին անհրաժեշտությունից` չանսալով, որ Բաքուն վաղուց Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը դիտարկում է որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմաններից մեկը։
«Հարձակողական ռեալիզմի» տեսությունը
Արդյո՞ք միջազգային հարաբերություններում հնարավոր է երկարաժամկետ խաղաղություն հաստատել՝ շղթայաբար կատարելով առավել ուժեղ կողմի պահանջները, բայց չվերականգնել ուժային խախտվածությունը, որից ծնվում են այդ պահանջները։ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների ներկայիս վիճակը քաղաքագիտական առումով յուրահատուկ դեպք չէ։ Չիկագոյի համալսարանի անվանի պրոֆեսոր Ջոն Միշայմերի «Հարձակողական ռեալիզմի» մասին տեսության մեջ այս հարցադրումը խորապես ուսումնասիրվել է։ Իր «Գերտերությունների քաղաքականության ողբերգությունը» աշխատության մեջ Միշայմերը միջազգային հարաբերությունների բնույթը բացատրում է հինգ հիմնարար դրույթներով։
Միջազգային համակարգն անարխիկ է. գոյություն չունի պետություններից վեր կանգնած համաշխարհային իշխանություն, որը կարող է անվերապահորեն ապահովել նրանց անվտանգությունը։
Պետություններն ունեն ռազմական կարողություններ, որոնք կարող են օգտագործվել այլ պետությունների դեմ։
Որևէ պետություն չի կարող լիովին վստահ լինել մյուս պետությունների իրական և հեռակա մտադրությունների հարցում։
Պետության առաջնային նպատակն իր գոյության պաշտպանությունն է։
Պետությունները ռացիոնալ դերակատարներ են և իրենց ռազմավարությունը ձևավորում են անվտանգության ու շահերի հաշվարկի հիման վրա։
Այս տեսության առանցքային գաղափարներից մեկն այն է, որ պետության անվտանգությունը չի կարող հիմնված լինել բացառապես հարևան պետության առկա մտադրությունների կամ նրա ղեկավարի զուտ խոստումների վրա։ Առավել ևս, որ այդ պետությունն ավտորիտար Ադրբեջանն է, որի իշխանության գաղափարախոսության հիմքում հայատյացությունն է։ Ավելին, ավանդաբար պարզ մուսուլմանական ինքնագիտակցություն ունեցող այդ զանգվածն աշխարհիկ ազգի է վերածվում հայերի հանդեպ ատելության շնորհիվ։ Այս առումով հակահայկական մտադրությունները կարող են փոփոխվել շատ արագ, մինչդեռ պետությունների ռազմական, տնտեսական և աշխարհաքաղաքական կարողությունները ձևավորվում են տարիների ընթացքում։ Նույնիսկ եթե ընդունենք, որ Ադրբեջանն այսօր իրապես շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ, դա ինքնին բավարար չէ եզրակացնելու, որ նրա քաղաքական նպատակները նույնը կմնան հինգ, տասը կամ քսան տարի անց։
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների պարագայում հարցը հետևյալն է. Հայաստանի ներկայիս կառավարությունը խաղաղության իր ռազմավարությունը կառուցում է Ադրբեջանի դիկտատորի «բարի» խոստումների՞, թե՞ նրա հնարավոր վարքագիծը սահմանափակող մեխանիզմների հիման վրա։
Խաղաղության պայմանագի՞ր, թե՞ պահանջների հաջորդականություն
2025 թվականի մարտին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը խաղաղության պայմանագրի ստորագրման համար առաջադրել էր երկու հիմնական նախապայման՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը և ԵԱՀԿ Մինսկի գործընթացի ու հարակից կառույցների լուծարումը։ 2025 թվականի նոյեմբերի 30-ին Մինսկի գործընթացի լուծարումն արդեն ավարտվեց։ Այժմ քննարկվում է երկրորդ նախապայմանի կատարումը։
Ի՞նչ է տեղի ունենալու դրանից հետո։ Քաղաքական ռեալիզմի տեսանկյունից որևէ պահանջի բավարարումն ինքնին չի վերացնում նոր պահանջներ առաջադրելու հնարավորությունը։ Այստեղ անհրաժեշտ է տարբերակել երկու հասկացություն՝ պահանջի բավարարում և պահանջ առաջադրելու հնարավորության վերացում։
Առաջինը կոնկրետ քաղաքական հարցի լուծումն է, երկրորդն՝ այն ռազմավարական ուժերի դիսբալանսի փոփոխությունը, որի առկայության դեպքում պետությունը կարող է ճնշում գործադրել իր հարևանի նկատմամբ։ Եթե պահանջներ առաջադրելու միջոցով պետությունը կարողանում է հասնել իր նպատակներին, առանց էական քաղաքական, տնտեսական կամ ռազմական ռիսկերի ու իրական հակադարձման սպառնալիքի, ինչպես դա հայ-ադրբեջանական այսօրվա հարաբերություններում է, ապա ռեալիզմի տեսանկյունից այդ գործելակերպը շարունակվելու է, մինչև նման պահանջները դիմակայության չհանդիպեն։
Ե՞րբ են ավարտվում պահանջները
Միշայմերի տեսության շրջանակներում խաղաղության կայունությունը պայմանավորված է ոչ միայն հայտարարված մտադրություններով, այլև ուժերի հարաբերակցությամբ և պետությունների ռազմավարական հաշվարկներով։ Հետևաբար, Հայաստանի առջև ծառացած առանցքային հարցը միայն այն չէ, թե արժե արդյոք փոխել Սահմանադրությունը խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Առավել հիմնարար հարցն այն է, թե սահմանադրական փոփոխություններից հետո ինչ նոր քաղաքական, իրավական և անվտանգային իրականություն է ձևավորվելու տարածաշրջանում։
Սահմանադրությունը կարող է կարգավորել Հայաստանի քաղաքական կառուցվածքը, սակայն չի կարող կարգավորել Ադրբեջանի աշխարհաքաղաքական ախորժակը։
Արա ՍՄԲԱՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: