Կիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզություն
Հոկտեմբերին Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև լարվածություն է առաջացել՝ պայմանավորված ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հայտարարությամբ։ Դրա մասին ասվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության հայտարարության մեջ։
«Վերջինս նշել է, որ ապագայում Կրեմլը կնպաստի Սեուլի և Փհենյանի միջև հարաբերություններում լարվածության թուլացմանը, ինչը վրդովմունք է առաջացրել Հյուսիսային Կորեայում։
Ամսվա վերջին ԿԺԴՀ արտգործնախարար Չխվե Սոն Հին ընդգծել է, որ նման հայտարարությունները չեն համապատասխանում երկու պետությունների միջև դաշնակցային պայմանավորվածությունների բնույթին, ինչպես նաև պարզաբանումներ է պահանջել Հարավային Կորեայի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ։
Չխվե Սոն Հին հայտարարել է Ռուսաստանին տրամադրվող ռազմական աջակցության ժամանակավոր կասեցման մասին։ Ըստ առկա տեղեկությունների՝ համապատասխան որոշումն անձամբ ընդունել է Կիմ Չեն Ընը։ Մասնավորապես, սահմանափակումները նախատեսում են ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռների կողմից ԿԺԴՀ օդային տարածքի օգտագործման արգելք, ինչպես նաև KN-23 բալիստիկ հրթիռների և հրետանային զինամթերքի հերթական խմբաքանակի մատակարարումների կասեցում։
Բացի դրանից, Փհենյանը ձգձգում է Ռուսաստանի տարածքում հյուսիսկորեական զորախմբի թվակազմը 8,5 հազարից մինչև 50 հազար զինծառայողի հասցնելու վերաբերյալ ռուսական խնդրանքի կատարումը»,- նշել են ուկրաինական հետախուզությունում։