ԿԲ նախագահ․ Հայաստանի ՀՆԱ-ն 2021 թ.-ից ի վեր տարեկան միջինը 8%-ով աճել է

2021 թվականից ի վեր Հայաստանի ՀՆԱ-ն տարեկան միջինը 8%-ով աճել է, ընդ որում՝ այդ աճի զգալի մասն ապահովել են գիտելիքահեն և արտահանմանն ուղղված ոլորտները, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը դարձել է ավելի դիվերսիֆիկացված, դինամիկ և ինտեգրված համաշխարհային տնտեսությանը», – ասել է նա Հայաստանում ՎԶԵԲ-ի «Երիտասարդները բիզնեսում» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ։

Սակայն, ինչպես նշել է Գալստյանը, Հայաստանի տնտեսության զարգացմանը և հասունացմանը զուգընթաց՝ երկարաժամկետ հեռանկարում տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանումն ավելի ու ավելի մեծ չափով կախված կլինի բարձր ավելացված արժեք ստեղծող ոլորտներում ընկերությունների գործունեության ընդլայնումից և համաշխարհային շուկաներում առավել արդյունավետ մրցակցելու նրանց կարողությունից։

«Ե՛վ մեկը, և՛ մյուսը կախված կլինեն նախևառաջ նորարարություններից։ Բնականաբար, այդ նորարարությունների զգալի մասը բխելու է նոր ընկերություններից», – հավելել է նա։

Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ

2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի տնտեսական աճը նախատեսված է 5,4%-ի չափով։

Հայաստանի վիճակագրական կոմիտեի (Արմստատ) նախնական տվյալներով՝ 2026 թվականի III եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5,8%-ով։

ԿԲ՝ 2026 թվականի երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության վերաբերյալ հաշվետվության համաձայն՝ 2026 թվականի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ի աճը, կախված սցենարից (Ա–Բ), ակնկալվում է 5,7–5,3%-ի սահմաններում։

ԱՌԿԱ

Leave a comment