Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման գործընթացում առանցքային նշանակություն ունի երկու երկրների հասարակությունների միջև երկխոսության զարգացումը, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հինգերորդ կլոր սեղան-քննարկման հայ և ադրբեջանցի մասնակիցների հետ հանդիպումից հետո։
Նա հավելել է, որ մասնակիցները խոսել են նաև TRIPP-ի մասին, հայտնում է Արմենպրեսը:
«Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչները հարցեր ուղղեցին Հայաստանի արտաքին քաղաքականության հետ կապված։ Հարցրեցին, թե ինչպե՞ս ենք մենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դինամիկան։ Կարևոր ելակետն այն է, որ Հայաստանը և Ադրբեջանը ֆիքսել են՝ պետք է առաջ գնալ և խաղաղությունն ինստիտուցիոնալացնել։
Բնականաբար, խոսել ենք նաև TRIPP-ի մասին, որովհետև շատ թարմ նորություններ ունեինք։ Այս թեմայի վերաբերյալ ներկայացրել եմ այն, ինչն ավելի վաղ ներկայացրել ենք մեր հանրությանը»,- ասել է ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը։
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հետ հանդիպել և քննարկում է անցկացրել նաև Ալեն Սիմոնյանը։