Դիլիջանում ավարտվել է հայ և ադրբեջանցի փորձագետների 5–րդ հանդիպումը. ի՞նչ է քննարկվել

Բաժանորդագրվել

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ կլոր սեղանի մասնակիցների հետ հանդիպել են Ալեն Սիմոնյանը և Վահան Կոստանյանը։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Դիլիջանում ավարտվել է Ադրբեջանի քաղհասրակության ներկայացուցիչների մասնակցությամբ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հինգերորդ հանդիպումը։

Միջոցառմանը մասնակցել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների և փորձագիտական շրջանակների շուրջ 60 ներկայացուցիչ։

Նրանց հետ հանդիպել է ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը և ՀՀ ԱԳՄԱ փոխնախարար Վահան Կոստանյանը։

Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության, առևտրային և հաղորդակցական ուղիների ձևավորման հնարավորությունները և մարդասիրական հարցեր։

Հանդիպման շրջանակում աշխատանք է տարվել նաև հանձնաժողովների ձևաչափով։ Առանձին հանձնաժողովներում մասնակիցները քննարկել են համապատասխան ոլորտներում առկա մարտահրավերներն ու համագործակցության հետագա հնարավորությունները։

Հիշեցնենք՝ 2025թ․ հոկտեմբերի վերջին Երևանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Հայաստանի և Ադրբեջանի ՀԿ-ների ղեկավարների մասնակցությամբ տեղի էր ունեցել երկկողմ կլոր սեղան, որին մասնակցել էր նաև ՀՀ անվտանգության խորհրդի այն ժամանակվա քարտուղար Արմեն Գրիգորյանը: Արդեն նոյեմբերին Հայաստանի քաղհասարակության անդամներն էին Բաքու մեկնել (կրկին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում)։
Այս տարվա փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Երևանում անցկացվել էր երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներն առաջին անգամ Հայաստան էին եկել ցամաքային սահմանով։
Դրանից հետո ևս մեկ հանդիպում է եղել. հայկական պատվիրակությունն Ադրբեջան է մեկնել ցամաքային սահմանով՝ անցնելով սահմանային ու անձնագրային վերահսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերը։

Leave a comment