Հայկական երկաթուղու կառավարման և զարգացման հարցերով ձևավորված հայ-ռուսական աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 27-ին։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ այս անգամ քննարկումներն անցկացվելու են նախորդ հանդիպման համեմատ ավելի նեղ կազմով, հայտնում է Factor․ am-ը:
Աշխատանքային խմբի հայկական պատվիրակությունը գլխավորում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը։
Առաջին հանդիպման ժամանակ հայկական և ռուսական կողմերը քննարկել են Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարման արդյունավետությունն ու երկաթուղային ցանցի հետագա զարգացման հնարավորությունները։ Քննարկման առարկա են դարձել նաև Երասխից Նախիջևանի սահման և Գյումրիից Թուրքիայի սահման ձգվող երկաթուղային հատվածների վերականգնման հարցերը։
2008 թվականից Հայաստանի երկաթուղային համակարգը 30 տարի ժամկետով փոխանցվել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարմանը։ Պաշտոնական Երևանն ավելի վաղ առաջարկել է երկաթուղու կառավարումը հանձնել երրորդ երկրի, որն ընդունելի կլինի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար։
Հայ-ռուսական համատեղ աշխատանքային խումբը կազմավորվել է հոկտեմբերին՝ երեք ամիս ժամկետով։ Խմբին հանձնարարվել է ուսումնասիրել հայկական երկաթուղու գործունեության հետ կապված խնդիրները և մշակել առաջարկություններ՝ ուղղված երկաթուղու մրցունակության բարձրացմանը։