Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արտավազդ Քարամյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում աջակցություն է հայտնել Գևորգ Ղազարյանին։
«Սիրելի հայրենակիցներ,
Երկար տարիներ հանգամանքների բերումով ապրում եմ արտերկրում, բայց երբեք կապը չեմ կորցնում հայրենիքիցս, մշտապես հետևում եմ հայկական ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձություներին։ Ինձ համար, որպես Հայաստանի հավաքականում 50-ից ավելի խաղ անցկացրած մարդու ցավալի է տեսնել մեր ֆուտբոլի ներկայիս վիճակը։
Վերջերս կարճ այցով գտնվում էի Երևանում և հադիպեցի Գևորգ Ղազարյանին և նրա թիմին։ Այդ հանդիպումն ինձ հավատ ներշնչեց, որ Գևորգ Ղազարյանը ի վիճակի է հայկական ֆուտբոլը մի նոր զարգացման մակարդակի բարձրացնի: Առա՜ջ, Գև ջան»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արտավազդ Քարամյանը, որն այժմ բնակվում է ԱՄՆ-ում և զնաղվում է մարզչական աշխատանքով։
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել էր Գյումրիի «Շիրակը»։ ՀՖՖ նախագահի մյուս թեկնածուն Դենիս Ջորկաեֆն է, որի թեկնածությունն առաջադրել է «Սյունիքը»։
ՀՖՖ նախագահի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 21-ին։