«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի ուելնես» մարզաառողջարանային համալիրի շարժական գույքը Երևանի քաղաքապետարանին ի պահ հանձնելու վերաբերյալ պայմանագիր կնքված չէ, չնայած Երևանի քաղաքապետարանը ամիսներ առաջ հայտարարում էր, որ համալիրի շարժական գույքը հանձնվել է նրանց պահպանությանը։ Պայմանագրի բացակայության մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից, տեղեկացնում է «Ազատությունը»։
«Մուլտի ուելնես» մարզական կենտրոնը քաղաքապետարանի կառավարմանն է անցել այս տարվա հուլիսին։ Երևանի քաղաքապետարանը միակողմանիորեն դադարեցրել է ընկերության հետ կնքված կառուցապատման իրավունքի պայմանագիրը՝ պատճառաբանելով կառուցապատման վճարների մասով պարտավորությունների չկատարումը և քաղաքաշինական փաստաթղթերից արձանագրված շեղումները։
Քաղաքային իշխանությունները մարզական ակումբը վերանվանել են «Երևան ուելնես»։ Չնայած համալիրի միայն հողատարածքն է համայնքային ենթակայության, կառավարման փոփոխությունից ի վեր քաղաքապետարանը տնօրինում է նաև այլ սեփականատիրոջ պատկանող շարժական գույքը։ Խոսքը մարզասարքերի, մարզական և կենցաղային տեխնիկայի, ջեռուցման ու հովացման համակարգերի, կահույքի և այլ գույքի մասին է։ Նշված ամբողջ գույքն այժմ օգտագործվում է առանց «Մուլտի ուելնեսի» սեփականատերերի համաձայնության։
«Ազատությունը» քաղաքապետարանից հետաքրքրվել է, թե ինչու են քաղաքային իշխանությունները հայտարարել գույքն ի պահ ստանալու մասին, եթե համապատասխան պայմանագիր գոյություն չունի։ Լրատվամիջոցը նաև փորձել է պարզել, թե ինչ իրավական հիմքերով է քաղաքապետարանը շարունակում տնօրինել մարզահամալիրի գույքը, և արդյոք քայլեր են ձեռնարկվում այն սեփականատիրոջը վերադարձնելու ու կենտրոնի գործունեության համար համայնքային միջոցներով անհրաժեշտ գույք ձեռք բերելու ուղղությամբ։
Քաղաքապետարանից ի պատասխան տեղեկացրել են, որ «մարզասրահում առկա գույքերի գույքագրում իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի հանձնարարությամբ ՊԵԿ-ի կողմից, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ, որի վերաբերյալ կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե»։
Տրամադրված պատասխանից պարզ է դառնում, որ արդեն չորս ամիս քաղաքապետարանի կառավարման ներքո գտնվող մարզական կենտրոնի շարժական գույքի գույքագրման գործընթացը դեռևս չի ավարտվել՝ «առկայության դեպքում դրանց հետագա տնօրինման հարցը կարգավորելու համար»։
Մինչդեռ մարզական կենտրոնի տարածքի պայմանագրի միակողմանի խզման առնչությամբ «Մուլտի ուելնեսը» դատական գործընթաց է նախաձեռնել Կադաստրի կոմիտեի դեմ։ Քաղաքացիական հայցի շրջանակում առաջին դատական նիստը նախատեսված է հաջորդ տարի։
Ընկերությունը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել այն որոշումները, որոնց հիման վրա դադարեցվել են հողատարածքի նկատմամբ իր իրավունքները։ «Մուլտի ուելնեսի» տնօրեն Արման Փիրոյանն «Ազատությանը» տեղեկացրել է, որ առաջիկա օրերին դատարան կմուտքագրվի ևս մեկ հայց՝ այս անգամ մարզաառողջարանային համալիրի շարժական գույքի վերաբերյալ։
«Հայց ներկայացված է, բայց վարույթ դեռ չի ընդունվել, օր չի նշանակվել»,- նշել է Փիրոյանը՝ հավելելով, որ ընկերությանը պատկանող շարժական գույքի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 6 միլիարդ դրամ։
«Նրանք գիտեին, որ դա մեր գույքն է, ասացին, որ ի պահ է հանձնվել, որ չվնասվի, մինչև քրեական գործերը հասկանան, բայց ի պահ հանձնված գույքն օգտագործվում է, քանդում են, պատերն են քանդում, որոշ բաներ են տեղափոխում։ Երևում է, որ բաներ են փոխում»,- ընդգծել է ընկերության տնօրենը՝ պնդելով, որ Երևանի քաղաքապետարանի կողմից մարզաառողջարանային համալիրի կառավարումն անօրինական է։
Նախորդ տարիներին Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում պարբերաբար ընդգրկված «Մուլտի ուելնեսն» այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով ընդհանրապես բացակայում է այդ ցուցակից։ Նախորդ տարվա առաջին ինն ամիսներին ընկերության վճարած հարկերի ծավալը կազմել է 302 միլիոն դրամ, 2024 թվականի համադրելի ժամանակահատվածում՝ 375 միլիոն դրամ, իսկ 2023 թվականի առաջին ինն ամիսներին՝ ավելի քան 405 միլիոն դրամ։
Միաժամանակ Քննչական կոմիտեում շարունակվում է «Մուլտի ուելնեսի» կողմից մոտ 850 միլիոն դրամի շրջանառություն ենթադրաբար թաքցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Վարույթի շրջանակում որևէ անձի դեռևս մեղադրանք չի առաջադրվել։ Նշանակվել է փորձաքննություն, որի եզրակացությունը դեռ պատրաստ չէ։
Լրատվամիջոցը նաև Քննչական կոմիտեից է փորձել ճշտել, թե արդյոք իրավապահ կառույցն է մարզաառողջարանային համալիրի շարժական գույքը պահպանության նպատակով փոխանցել Երևանի քաղաքապետարանին։ Քննչական կոմիտեն, սակայն, չի հաստատել այդ տեղեկությունը։
Իրավապահ մարմնի տրամադրած պատասխանի համաձայն՝ «Մուլտի ուելնեսի» շարժական գույքը նշված քրեական վարույթով չի հանդիսանում իրեղեն ապացույց»։ Քրեական վարույթով որպես իրեղեն ապացույց է ճանաչվել միայն անշարժ գույքը՝ մարզասրահի տարածքն ու շինությունները, որը «պատասխանատու պահպանության է հանձնվել Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայության աշխատակցին»։