«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունից ահազանգեր է ստացել փոխնախարար Տաթևիկ Ասլանյանի աշխատանքային վարքագծի վերաբերյալ։ Խմբագրության աղբյուրների պնդմամբ՝ Ասլանյանը ենթակաների ու գործընկերների հետ շփումներում կոշտ տոն է կիրառում, իսկ իր որոշումները հիմնավորելիս վկայակոչում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ փոխնախարարը շեշտում է, որ Փաշինյանն է իրեն նշանակել, և իր կայացրած որոշումները ներկայացնում է որպես վարչապետի դիրքորոշմանը համահունչ։ Նույն աղբյուրների պնդմամբ՝ որոշ աշխատակիցներ խուսափում են բողոքել՝ մտավախություն ունենալով, որ իրենց դժգոհությունը կարող է արժանանալ վարչապետի բացասական արձագանքին։
«Ժողովուրդ» օրաթերթն այս առթիվ դիմել է նախարարությանը։ Նախարարության խոսնակ Անահիտ Առաքելյանը նշեց, որ նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով՝ նախարարությունում առողջ, գործընկերային հարաբերություններ են։
Հիշեցնենք, որ Տաթևիկ Ասլանյանը փոխնախարար է նշանակվել 2026 թվականի օգոստոսի 6-ին՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Նախարարության հրապարակած կենսագրության համաձայն՝ նա Նիդերլանդներում էկոնոմետրիկա է ուսանել, իսկ մինչև պաշտոնի նշանակվելը եղել է SeleneX ընկերության համահիմնադիրն ու գլխավոր գործադիր տնօրենը։ Նոյեմբերին «Diplomatic World» պարբերականին տված հարցազրույցում Ասլանյանը ներկայացրել է արհեստական բանականության ոլորտում Հայաստանի ծրագրերը՝ ընդգծելով սեփական տեխնոլոգիական արտադրանք ստեղծելու նպատակը։
Հիշեցնենք՝ Տաթևիկ Ասլանյանի անունը սոցցանցերում ակտիվորեն քննարկվում էր դեռ նշանակվելուց օրեր անց։ Առիթը նրա հրապարակային խոսքի տեսանյութերն էին, որոնցում փոխնախարարը հայերեն խոսքում հաճախ օգտագործում էր անգլերեն բառեր ու արտահայտություններ։ Քննադատները նկատում էին, որ դա դժվարացնում է խոսքի ընկալումը, իսկ նրան պաշտպանողները նշում էին, որ անգլերեն տերմինների գործածությունը սովորական է տեխնոլոգիական ոլորտում»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Շրջակա միջավայրի նախարարությունը COP17-ի կազմակերպչական աշխատանքների շրջանակներում նախապատրաստական, կազմակերպչական եւ այլ աշխատանքներում նշանակալի ներդրում ունենալու համար որոշ անձանց պարգեւատրել է «COP17» արծաթե հուշադրամով։
Այդ հուշադրամը հոկտեմբերի 5-ին ՀՀ կենտրոնական բանկն էր շրջանառության մեջ դրել՝ նվիրված ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին: Հուշադրամի անվանական արժեքը 1000 դրամ է, մետաղը՝ 925 հարգի արծաթ, քաշը՝ 33,6 գ։
Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում: Թողարկվել է 300 հատ։ Մեզ հետ զրույցում ԿԲ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ հուշադրամը թողարկվել է միայն ներկայացուցչական նպատակներով` վաճառքի չի հանվել։
Ո՞ր կառույցի պատվերով են թողարկվել հուշադրամները։ Արձագանքեցին՝ ՀՀ կառավարության եւ Կենտրոնական բանկի համատեղ նախաձեռնությունն է։ Հուշադրամի արժեքը, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, 59 հազար դրամ է։ Այսինքն՝ միայն 17.7 մլն դրամ ծախսվել է 300 հուշադրամի համար։