Ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով արդարություն և արդարադատություն, իրենց երեխաների մահվան հանգմանքների բացահայտում։
«Նիկոլը չի տեսնում, որ մենք այստեղ կանգնած, իր սիրտը չի ցավո՞ւմ մեզ համար»,- գոռում են ծնողները՝ պահանջելով բացել դուռը։
Իրավիճակը լարվեց, ոստիկանները թույլ չտվեցին մոտենալ դռանը։
«Այ Փաշինյան, քո համար կանգնել եմ, քո համար քայլել եմ, այ ստախոս, խաբեցիր մեզ։ Հենց դու ես իմ երեխու սպանողը եղել, հանցագործ Փաշինյան։
Հերիք եղավ խաբեք, ստախոսներ»,- գոռում են ծնողները։
Նրանք պահանջում են Փաշինյանը դուրս գա ու պատասխանի իրենց հարցերին։
«Ափսոս այն օրերը, որ քայլերով Հոկտեմբերյանից եկա, որ դու այսօր իշխանության լինես։ Ձեր համա՞ր էինք մեր երեխաներին բերել»,- ասում են ծնողները։
Նրանք նաև պահանջում են գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դուրս գա։
«Աննա Վարդապետյան, ո՞ւր ես, այս խաբեբա, ստախոս, մեզանով նստեցիր քո այդ պաշտոնին»,- ասում են ակցիայի մասնակից սևազգեստ մայրերը։