Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդես է եկել Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Գեորգի Զուրաբաշվիլիի և ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի միջև բանակցությունները Մոսկվայում և Թբիլիսիում անցկացնելու օգտին՝ պայմանով, որ հանդիպումները կազմակերպվեն հերթականության սկզբունքով։
«Հանդիպումները կարող են, իհարկե, անցկացվել թե՛ Մոսկվայում, թե՛ Թբիլիսիում, սակայն եթե նման մոտեցման շուրջ համաձայնություն ձեռք բերվի, սկզբունքային նշանակություն ունի, որ Մոսկվայում և Թբիլիսիում հանդիպումներն անցկացվեն հերթականությամբ»,- վրացի լրագրողների հետ զրույցում ասել է Կոբախիձեն։
Նա շեշտել է՝ երկխոսությունը պետք է շարունակվի մեկ պարզ պատճառով. ռուս ժողովուրդը Վրաստանի համար թանկ է․ «Ռուսաստանը մեր հարևան երկիրն է։ Քաղաքականությունը փոխվում է, սակայն ժողովուրդը մնում է ժողովուրդ։ Նույնիսկ եթե Անտարկտիդան հալվի, մենք միևնույն է հարևաններ կմնանք։ Ելնելով դրանից՝ երկխոսությունը միշտ անհրաժեշտ է, և մենք պետք է պահպանենք այն»։