Երևանում դատական նիստի ժամանակ ամբաստանյալը խոսափողը նետել է դատավորի ուղղությամբ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:
Դատական նիստի ընթացքում կալանավորված անձը իր առջև դրված բարձրախոսը նետել է նիստը վարող դատավոր Ռոման Սմբատյանի ուղղությամբ:
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հաստատել է Դատական դեպարտամենտի լրատվական ծառայության պետ Ծովինար Խաչատրյանը՝ հավելելով, որ կրկնակի փորձաքննություն պահանջած ամբաստանյալի պաշտպանի խնդրանքը դատավորը մերժել է, որին հաջորդել է ամբաստանյալի կողմից խոսափողը դատավորի ուղղությամբ նետելու փաստը:
«Դատական կարգադրիչները հրահանգել են ամբաստանյալին արագ հեռացնել դատարանի դահլիճից, ինչին արագ արձագանքել են ոստիկանության ներկայացուցիչները»,- հայտել է Խաչատրյանը
Կալանավորված անձը 52-ամյա Ռուբեն Սարգսյանն է, ով դատարան էր տեղափոխվել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից և ըստ դատական դեպարտամենտի լրատվական ծառայության պետի՝ նա սպանության կազմակերպման համար է մեղադրվում:
Նշենք՝ Խաչատրյանը հավելել է, որ լրատվամիջոցներում ավելի վաղ տարածված տեղեկություններում սխալ է նշվել դատավորի անունը՝ ներկայացվելով որպես Ռուբեն Սմբատյան: