Երևանում անցկացվում է Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական ֆորումը։ Դիմելով ֆորումի մասնակիցներին՝ Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշեց, որ Թբիլիսիում կայացած 6-րդ ֆորումի ընթացքում նախանշվել են համագործակցության բազմաթիվ ուղիներ, իսկ ներկայիս ֆորումը հնարավորություն կտա ուրվագծելու աշխատանքի նոր ուղղություններ։
Անդրադառնալով երկու ժողովուրդների միջև պատմական կապերին՝ նախարարը շեշտեց, որ դրանք էլ ավելի են խորացել 2024 թվականին ռազմավարական համագործակցության մասին փաստաթղթի ստորագրմամբ, ինչն առավել արդիական է տարածաշրջանային գործընթացների, խաղաղության հաստատման և TRIPP նախագծի համատեքստում։
Ֆորումը փորձի փոխանակման և գործնական լուծումների որոնման կայացած հարթակ է, նկատեց Գալյանը։
Նախարարը հայտնեց, որ օրերս հրապարակվել է Հայաստանի նոր սահմանադրության նախագիծը, որի նախապատրաստման ընթացքում ուսումնասիրվել է նաև Վրաստանի փորձը։ Բոլոր բարեփոխումների հիմքում մարդն է, իսկ նպատակն այն է, որ հիմնարար իրավունքներն ու ազատությունները ոչ թե սահմանափակվեն, այլ ընդլայնվեն, հավաստիացրեց Գալյանը՝ հայտնելով, որ նախագծով նախատեսվում են դատական ոլորտի բարեփոխումներ։
Գալյանը հիշեցրեց, որ ստորագրվելու է 2027-2028 թվականների համագործակցության ծրագիրը, և կարևորեց, որ ֆորումի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները վերածվեն կոնկրետ նախագծերի ու ծրագրերի։