Հայաստանում կմիասնականացվեն և կպարզեցվեն երեխայի ծննդյան միանվագ, 3–րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի, ինչպես նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների նշանակման և վճարման ընթացակարգերը։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ ՀՀ բարեկեցության և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով մի շարք էական նորամուծություններ են նախատեսվում, հայտնում է Sputnik Արմենիան:
Նախագծի ամենակարևոր փոփոխություններից մեկով՝ 2028-ի հունվարի 1–ից ծնված երեխաների դեպքում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը կդառնա համահարթ։ Այսինքն՝ այն այլևս չի տարբերակվի ըստ ծնողի խնամքի արձակուրդում գտնվելու կամ գյուղաբնակ լինելու հանգամանքի (ներկայում այս նպաստը կազմում է 31,600 դրամ չաշխատող ծնողի, 37,500 դրամ՝ խնամքի արձակուրդում գտնվող քաղաքաբնակ ծնողի և 69,100 դրամ՝ գյուղաբնակ ծնողի համար)։
2028 թվականի հունվարի 1-ից կփոխվեն նաև նպաստների հետադարձ նշանակման ժամկետները։ Սահմանված ժամկետից ուշ դիմելու պարագայում երրորդ և հաջորդ երեխաների, ինչպես նաև երեխայի խնամքի նպաստները կնշանակվեն առավելագույնը նախորդ երեք ամիսների համար՝ ներկայում գործող վեց և տասներկու ամիսների փոխարեն։ Բացառություն կկազմեն ծնողի մահվան դեպքերը, որոնց համար կպահպանվի վեցամսյա ժամկետը։
Հայաստանից բացակայելու պատճառով նպաստի վճարումը դադարեցնելու համար ևս կգործի միասնական՝ եռամսյա ժամկետ։ Միաժամանակ խնամքի նպաստ ստանալու պարտադիր նախապայման կսահմանվի ինչպես երեխայի, այնպես էլ ծնողի՝ Հայաստանի տարածքում գտնվելը։
Նախարարության հավաստմամբ՝ նախատեսվող փոփոխությունները կնվազեցնեն նաև քաղաքացիների վարչարարական բեռը։ Երրորդ և հաջորդ երեխաների ու խնամքի նպաստների վճարումները շարունակելու համար այլևս անհրաժեշտ չի լինի տարին առնվազն մեկ անգամ այցելել բանկ և ստորագրել Հայաստանում գտնվելու վերաբերյալ հայտարարություն։
Ծնողի ու երեխայի՝ Հայաստանի տարածքում գտնվելու հանգամանքը կճշտվի ինքնաշխատ եղանակով՝ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի տվյալների հիման վրա։ Հայաստան վերադառնալուց հետո նպաստ ստանալու իրավունքն ինքնաբերաբար կվերականգնվի՝ առանց ծնողի կողմից նոր դիմում ներկայացնելու անհրաժեշտության։