Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով այսօրվա դատական նիստում շարունակվեց գրավոր ապացույցների հետազոտումը։
Նիստն սկսվեց նշանակված ժամից որոշակիորեն ուշ, քանի որ հանրային մեղադրողներից Արթուր Դանիելյանը կողքի սենյակում ծանրաբեռնված էր մեկ այլ դատական նիստով։
Մինչ նիստի սկսվելը նախագահող դատավոր Լեւոն Պետրոսյանը, նկատի առնելով, որ հանրային մեղադրողները երկուսն են, դիմեց Արթուր Դանիելյանին՝ առաջարկելով իրենց աշխատանքը կազմակերպել այնպես, որպեսզի նրանցից մեկը ժամանակին ներկայանա դատական նիստին։ Իսկ Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը, մինչեւ հանրային մեղադրողը կսկսեր գրավոր ապացույցների հետազոտումը, արձանագրեց, որ մեղադրական եզրակացության մեջ վկայակոչված են էջեր, եւ այդ էջերի գրեթե 50-60%-ը չի համապատասխանում իրենց տրամադրված փաստաթղթերի էջերին։
Այս խառնաշփոթը կարգավորելու նպատակով դատարանը ոչ երկար ընդմիջում հայտարարեց, որից հետո հանրային մեղադրող Արթուր Դանիելյանը շարունակեց ընթերցել գրավոր ապացույցները։
Մասնավորապես, հետազոտվեցին Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Դասպարյանի աշխատասենյակից խուզարկությամբ վերցված փաստաթղթերը, որոնք, ըստ պաշտպան Արամայիս Հայրապետյանի՝ Aravot.am-ին նիստից հետո տված մեկնաբանության, հիմնականում վերաբերելի էին մինչեւ իր պաշտպանյալ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում իրականացված փաստաթղթավորմանը։
Մասնավորապես, նախկին քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի կողմից հաստատված ճարտարապետահատակագծային առաջադրանքին, իրականացված փորձաքննություններին, իրականացված վարչական վարույթին։
«Այսինքն, ըստ էության, Վարդան Ղուկասյանին վերաբերելի գրեթե ոչինչ չկա։ Վերաբերելի էր միայն այն, որ նույն ճարտարապետահատակագծային առաջադրանքը հաստատել է նաեւ Վարդան Ղուկասյանը»,-ասաց պաշտպանը եւ շարունակեց. «Անձը դիմում է ներկայացրել, ներկայացրել է քաղշին կոմիտեի եզրակացությունը, համապատասխան իրավասու մարմինների համաձայնությունը, ինչի պայմաններում համայնքի ղեկավարը այլ գործառույթ, քան հաստատելը, չունի։ Եթե մարդը ներկայացրել է, որ նախագծով պետք է քանդի եւ կառուցի սա, եթե նախագիծը համապատասխանում է, իսկ այդ համապատասխանությունը հաստատել են եւ պետությունը, եւ համայնքը, համայնքի ղեկավարը ուղղակի չի կարող չստորագրել։ Կարգն է այդպես»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: