Վարակված խոզեր չեն ներմուծվել Հայաստան. ՍԱՏՄ-ի հայտարարությունը – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հերքում է մամուլում տարածված լուրը, թե Հայաստանի Հանրապետություն է ներկրվել վարակված խոզերի մեծ խմբաքանակ, որը հապճեպ ենթարկվել է սպանդի և վաճառվել տեղական շուկայում։

«Տարածվածը ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը»,–հայտնել է ՍԱՏՄ–ն։

Տեսչական մարմինն ընդգծել է, որ իրականացնում է սահմանային պատշաճ վերահսկողություն՝ պահպանելով ներմուծման համար օրենսդրությամբ սահմանված բոլոր ընթացակարգերը։

«Կենդանիներ ՀՀ ներմուծող կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից տեղափոխող իրավաբանական և ֆիզիկական անձինք նախապես տեսչական մարմնի հետ համաձայնեցնում են Հայաստանի Հանրապետությունում կենդանիների բեռնաթափման վայրը: Լիազոր մարմինը ներմուծող կազմակերպությանը համաձայնություն չի տալիս, եթե բեռնաթափման վայրը չի համապատասխանում սանիտարական նորմերին, հետևաբար կենդանիների ներմուծումը կամ տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն չի թույլատրվում»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՍԱՏՄ–ն պնդում է, որ ներմուծման գործընթացը, ներմուծվող ապրանքատեսակների որակը և անվտանգությունը գտնվում են իրենց անմիջական վերահսկողության ներքո, իսկ շուկայում տիրող գնային քաղաքականության համար տեսչական մարմինը պատասխանատվություն չի կրում։

Sputnik Արմենիա

Leave a comment